Ադրբեջան

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

3 րոպեի ընթերցում

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ընդգծել, որ կարևոր է, որպեսզի այդ գործընթացը շարունակի առաջընթաց գրանցել։ Մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժին։»,- գրել է Մակրոնը։ 

Մակրոնի հետ հեռախոսազրույցին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր հեռախոսազանգ ստացա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները»,- գրել է Ալիևը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում