ԱՄՆ-ն իշխանության ոչ սահմանադրական փոփոխություն թույլ չի տա Բոլիվիայում. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Բոլիվիայի գործող ղեկավարությանը և թույլ չի տա այդ երկրում իշխանության փոփոխություն ոչ սահմանադրական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Չպետք է լինի ոչ մի կասկած. Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Բոլիվիայի օրինական սահմանադրական կառավարությանը: Մենք հանցագործներին և թմրավաճառներին մեր կիսագնդում թույլ չենք տա տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարներին», - գրել է Ռուբիոն X-ում։
Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի ստեղծման մասին՝ հանրային դժգոհությունը մեղմելու նպատակով: Պասը նաև հայտարարել է կառավարությունը վերակազմելու ծրագրերի մասին։
Բոլիվիայում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են հակակառավարական բողոքները, որոնք ուղեկցվում են ճանապարհների փակմամբ երկրի տարբեր շրջաններում: Մայիսի 18-ին Բոլիվիայի փաստացի մայրաքաղաք Լա Պասում տեղի են ունեցել բախումներ և անկարգություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ:
Իշխանություններն անկարգությունների համար մեղադրում են նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցներին: