Բարձր տեխնոլոգիաներ

Հայկական ինժեներական մտքի գաղափարներն ու նորարարությունները կցուցադրվեն RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսում

3 րոպեի ընթերցում

Հայկական ինժեներական մտքի գաղափարներն ու նորարարությունները կցուցադրվեն RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսում

Հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերն ու նորարարական լուծումները կներկայացվեն մեկ հարթակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 3-ին և 4-ին կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ցուցահանդեսին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ  ցուցահանդեսում ներկայացվելու են հայկական ինժեներական մտքի գաղափարները, որոնք  մշակվել և արտադրվել են որպես վերջնական պրոդուկտներ։

Նրա խոսքով՝ միջոցառման անցկացման համար Հայաստանի կառավարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը  60 միլիոն դրամի չափով աջակցություն  է ցուցաբերել՝ դրամաշնորհի տեսքով։

«Հայաստանը կարողացել է վերջին տարիներին իրեն դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր տարածաշրջանում և այն, ինչ մենք ունենք, ողջունելի է, սակայն ժամանակն է, որ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական երկրից մենք վերափոխվենք որպես սեփական պրոդուկտներ արտադրող և արտահանող երկրի»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ միջոցառումը հնարավորություն կտա հայկական ընկերություններին հանրային հաշվետվողականության շրջանակներում ներկայացնել իրենց տարիների աշխատանքը։

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ ցուցադրությունը բացառիկ է, քանի որ վերաբերում է Հայաստանի վերջին ձեռքբերումներին,  ճարտարագիտական, կիբեռանվտանգության ոլորտում նորարարություններին։

«40-ից ավելի ընկերություններ են մասնակցելու  ցուցահանդեսին։ Մենք ցանկանում ենք ցուցադրել, թե ինչերի է ունակ հայկական միտքը»,-ասաց Մուսայելյանը։

ՏՀՏ գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն էլ նշեց, որ  Հայաստանում կան շատ առողջ բջիջներ, որոնք մինչև հիմա աշխատել են համաշխարհային արդյունաբերության համար։

«Մեր հիմնական նպատակներից է, որ մենք նպաստենք հայկական լիարժեք արտադրանքի ձևավորմանը։ Սա այն ճանապարհն է, որը կբարձրացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը»,-հավելեց նա։  

Ֆորումն անցկացվելու է հունիսի 3-ին ՝ երեք պանելային քննարկումներով՝ կիբեռանվտանգություն, պաշտպանական արդյունաբերություն և ինժեներական լուծումներ թեմաներով։

Միջոցառման կարգախոսն է «Մենք ենք, մեր սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, աճն ու առաջընթացը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում