Մշակույթ

Գյումրիում կայացավ «Բաց թող» ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում կայացավ «Բաց թող» ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 19-ին տեղի ունեցավ «Բաց թող» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունն ու համանուն գրքի պաշտոնական շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մշակութային երեկոն մեկտեղեց կինոն, թատրոնը, երաժշտությունն ու բաց քննարկումը՝ ներկաների համար ստեղծելով հուզական և մտորելու տեղիք տվող միջավայր։

«Բաց թող»-ը մի պատմություն է հոր և դստեր անսահման սիրո մասին, որն այնքան խորն է, որ ստիպում է հավատալ՝ իրական կապը երբեք չի խզվում, նույնիսկ երբ կյանքը ստիպում է կայացնել ամենադժվար որոշումը՝ պահե՞լ, թե՞ բաց թողնել։

Կինոնկարի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Լարիսա Խաչատրյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Միքայել Բագրազյանը։ Ֆիլմում գլխավոր և առանցքային դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Լուիզա Ղամբարյանը, Բաբկեն Չոբանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Հրաչյա Գասպարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Տաթև Ավետիսյանը և Սերգեյ Թորիկյանը։

Ծրագրի շրջանակում անցկացվեց նաև պանելային քննարկում՝ ֆիլմի դերասանների և պրոդյուսերի մասնակցությամբ։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դահլիճից ուղղելու իրեն հետաքրքրող հարցերը և մասնակցելու բաց երկխոսությանը։ Միջոցառման հատուկ հատվածներից էր ֆիզիկական թատրոնի արտիստ Կարեն Խաչատրյանի բեմադրած մնջախաղային ներկայացումը, որն աչքի ընկավ խոր հուզական տարրերով և արտահայտիչ ֆիզիկական լեզվով։ Երեկոյի երաժշտական մթնոլորտն ապահովեց ջազ երգիչ Մարկ Ալեքսը՝ հանդես գալով կենդանի կատարմամբ։

«Բաց թող»-ը սոցիալական կարևոր թեմաներ բարձրաձայնող նախագիծ է, որի նպատակն է խթանել հանրային քննարկումը, ինքնաճանաչողությունն ու զգայական կապը հասարակության ներսում առկա խնդիրների նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում