Հայ-ֆրանսիական բժշկական համագործակցություն․ տասնամյակների ճանապարհ՝ մարդկանցից դեպի համակարգ

9 րոպեի ընթերցում

Հայ-ֆրանսիական յուրօրինակ բժշկական համագործակցությունը, որը ձևավորվել է տասնամյակներ առաջ, այսօր արդեն վերածվել է կայուն և շարունակական գործընկերության՝ միավորելով տարբեր կառույցներ և բժիշկների մի քանի սերունդների։ Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Լիոնի համալսարանական պրոֆեսոր, բժիշկ Արամ Ղազարյանը և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Քոլոյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում են այս համագործակցության ձևավորման, անցած ճանապարհի մասին։

Պրոֆեսոր Արամ Ղազարյանի խոսքով՝ այս պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան ձևավորվել են պաշտոնական ծրագրերն ու համագործակցության շրջանակները։

«Հայաստան այցերիս հիմնական շարժիչ ուժը սերն է։ Սակայն նույնիսկ սերը բավարար չէ․ մեծ դեր ունեն մարդիկ, որոնց հետ ճանապարհ ես անցնում։ Կուզեմ նշել Արտավազդ Բագրատիչի և Կարենի անունները․ նրանք ինձ համար եղբայրների նման են։ Սակայն, եթե խոսում ենք ծավալուն և շարունակական ծրագրերի ու համակարգային համագործակցության մասին, պետք է անդրադառնալ այն կազմակերպություններին, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել այս ամենը։ Մարդիկ կարող են ունենալ ցանկություն և կարողություն, սակայն երկարաժամկետ աշխատանքը հնարավոր է դառնում միայն հաստատությունների և համակարգային մոտեցման շնորհիվ»,-պատմում է Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Լիոնի համալսարանի պրոֆեսոր Արամ Ղազարյանը։

Նա հիշեց, որ առաջին անգամ Հայաստան է այցելել դեռ պատանեկության տարիներին՝ 1970-ականներին, ինչը կապված է եղել իր ընտանիքի պատմության հետ։

«Իմ ընտանիքի մի մասը մնացել էր Հայաստանում 1920-ականներին, և երկար տարիներ անց մենք վերամիավորվեցինք։ Ավելի ուշ, արդեն որպես բժշկական համալսարանի ուսանող, 1989 թվականին կրկին եկա Հայաստան և հենց այդ ժամանակ հանդիպեցի Կարենին։ Այդ հանդիպումը որոշիչ եղավ։ Եթե չհանդիպեի նրան և Արտավազդին, գուցե, այս ամբողջ պատմությունը չլիներ», - պատմեց նա։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Քոլոյանն իր հերթին նշեց, որ դոկտոր Ղազարյանի հետ ծանոթությունը սկսվել է 1988 թվականի երկրաշարժից հետո և շարունակվել Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին։

«Այդ ժամանակահատվածը շատ դժվար էր, բայց մեր համագործակցության հիմքում ոչ միայն մասնագիտական կապն էր, այլ նաև ընկերությունը, ինչը մեծ դեր խաղաց։ Սկզբում աշխատում էինք երեխաների բնածին արատների ուղղությամբ՝ փորձելով բարելավել նրանց կյանքի որակը։ Հետագայում պատերազմը հանգեցրեց մեծ թվով վիրավորների, և այստեղ Արամի փորձը անգնահատելի էր։ Նրա օգնությամբ կարողացանք փրկել բազմաթիվ վերջույթներ և կյանքեր»,-ասաց Քոլոյանը։

Նրա խոսքով՝ 1990-ականների կեսերից մինչև 2010 թվականը անցել են չափազանց ծանր ճանապարհ. երկիրը և բժշկական ոլորտը գտնվում էր պատերազմի և շրջափակման մեջ, առկա էին հոսանքի, նյութերի և գործիքների լուրջ խնդիրներ։

«Այդ տարիներին Արամի օգնությունը պարզապես աջակցություն չէր, դա հնարավորություն էր պահպանվելու և առաջ գնալու։ Այն, ինչ նա կարողանում էր բերել Ֆրանսիայից՝ թե՛ գիտելիքի, թե՛ նյութական առումով, մեզ օգնեց ոչ միայն գոյատևել, այլև զարգանալ և օգնել այն բուժառուներին, որոնց նախկինում չէինք կարող օգնել»,- նշեց նա՝ նշելով, որ միասին աշխատել են նաև Լեռնային Ղարաբաղում։

Կարեն Քոլոյանն ընդգծեց, որ իրենք կիսել են ոչ միայն աշխատանքը, այլև կյանքի դժվար ու ուրախ պահերը։

Լիոնի համալսարանական պրոֆեսոր, բժիշկ  Արամ Ղազարյանի խոսքով՝ Հայաստան իր կանոնավոր այցերի ապահովման գործում կարևոր դեր ունի Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների համակարգը։ 2020 թվականից սկսած՝ ֆրանսիական կողմը պետական մակարդակով սկսել է աջակցել Հայաստանի հետ բժշկական ծրագրերին։

«Իմ աշխատավայր հանդիսացող պետական հիվանդանոցը ֆինանսական միջոցներ է տրամադրում, որպեսզի կազմակերպվեն Հայաստան առաքելությունները։ Այս այցն արդեն 14-րդն է, և յուրաքանչյուր անգամ մեզ միանում են մոտ 10-12 բժիշկներ և բուժաշխատողներ։ Սա կարևոր է ոչ միայն գործ կատարելու, այլև համագործակցության գաղափարը տարածելու համար», - նշեց Ղազարյանը։ Պրոֆեսոր Ղազարյանը հավելեց, որ այս տարիների ընթացքում Հայաստանից տարբեր մասնագետներ այցելել և մասնագիտական երկարաժամկետ վերապատրաստում են անցել Լիոնի համալսարանական հիվանդանոցում՝ կատարելագործելով իրենց գիտելիքները և վիրաբուժական հմտությունները ձեռքի վիրաբուժության  ոլորտում։ Վերադառնալով Հայաստան` այդ մասնագետներն իրենց գիտելիքն են ներդրել ոլորտի կայացման և զարգացման գործում և շարունակում են ակտիվ համագործակցությունը Լիոնի համալսարանական հիվանդանոցի հետ։

Բժիշկները շեշտեցին, որ իրենց կապը հիմնված է որակի և շարունակական զարգացման ձգտման վրա։

«Այս համագործակցության մեջ ամենակարևորը փորձի փոխանցումն է։ Բժշկությունը մշտապես զարգանում է, և եթե չես զարգանում, հետ ես մնում։ Մեր նպատակը նոր սերունդ պատրաստելն է, որը կշարունակի այս աշխատանքը։ Մեր աշխատանքը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ունի շարունակություն», - ասաց բժիշկ Ղազարյանը՝ նշելով, որ այսօր հայկական օրթոպեդիայի զարգացման մակարդակը Հայաստանում շատ բարձր է:

Նա նաև նշեց, որ եթե իր երեխաներն ունենային օրթոպեդիկ խնդիրներ, առանց վարանելու նրանց բուժումը կվստահեր Կարեն Քոլոյանին՝ ընդգծելով, որ դա իր կողմից ամենաբարձր գնահատականն է։ Կարեն Քոլոյանի խոսքով՝ եթե 1990-ականներին իրենք օգնության կարիք ունեին, ապա այսօր արդեն իրենք են աջակցում այլ երկրներին։

«Աշխատել ենք Վրաստանում, Ուկրաինայում, այժմ աջակցում ենք նաև Ուզբեկստանին։ Մենք դարձել ենք գիտելիք փոխանցող կողմ։ Սակայն բժշկությունը թանկ ոլորտ է, և առանց պետական ու արտաքին աջակցության զարգացումը դժվար է։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել, հատկապես երեխաների բուժման ֆինանսավորման ոլորտում»,- նշեց Քոլոյանը։

Խոսելով համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի մասին՝ Ղազարյանը կարևորեց պաշտոնական համաձայնագրերի դերը։

Նա պատմեց, որ ձևավորվել է համագործակցություն Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների, Լիոնի համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի առողջապահության նախարարության միջև։

«Այսպիսի համաձայնագրերը հիմք են ստեղծում, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական և կայուն։ Օրինակ՝ երիտասարդ բժիշկների վերապատրաստումը Ֆրանսիայում իրականացվում է հենց այս շրջանակում։ Վերջին տարիներին հատկապես կարևոր է երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավումը։ Մեր թիմին միացել են նաև երիտասարդ վիրաբույժներ Ֆրանսիայից, որոնք կամավոր գալիս են Հայաստան: Սա առանձնահատուկ արժեք ունի․ երբ երիտասարդ բժիշկը իր ժամանակը և կարողությունը նվիրում է ուրիշներին, դա արդեն ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային առաքելություն է։ Այդ նվիրվածությունն է, որ ապահովում է այս աշխատանքի շարունակությունը», - նշեց Ղազարյանը:

Կարևորելով սփյուռք-Հայաստան կապը՝ Արամ Ղազարյանն ընդգծեց, որ երբեմն այդ հարաբերություններում առկա է որոշակի հեռավորություն։

«Հայաստանը և սփյուռքը պետք է միմյանց լրացնող ուժեր լինեն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել իրական արդյունքների՝ թե՛ առողջապահության, թե՛ այլ ոլորտներում», - եզրափակեց նա։

Հայերեն Français Русский