Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը Չարենցավանում խոստացել է վերադարձնել Հայաստանի արդյունաբերական հզորությունը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը Չարենցավանում խոստացել է վերադարձնել Հայաստանի արդյունաբերական հզորությունը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, մայիսի 17-ին քարոզարշավ են անցկացնում Կոտայքի մարզում։

Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ելույթներ են ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Իշխան Սաղաթելյանը, դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը։

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Չարենցավանի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իր առաջնորդած դաշինքի առաջարկներին։

«Չարենցավանը եղել է արդյունաբերական քաղաք, այստեղ եղել են տարբեր արդյունաբերական գործարաններ։ Ես գիտեմ, որ դուք այսօր այդ խնդիրն ունեք, և մեր ծրագիրն է մեր երկրին վերադարձնել արդյունաբերական հզորությունը։ Չի կարող երկիրը համարվել ժամանակակից, հզոր, մրցունակ երկիր՝ առանց արդյունաբերության։ Եվ մենք սա ամրագրել ենք մեր ծրագրերում»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ իշխանության գալու դեպքում պետք է փորձեն զարգացնել տարածքները։ Նրա խոսքով՝ սխալ է, որ ամեն ինչ կենտրոնանում է միայն մայրաքաղաք Երևանում։ «Չի կարող Հայաստանում լինել միայն մեկ քաղաք՝ Երևանը։ Դա սխալ քաղաքականություն է։ Շատ լավ է, մենք հպարտանում ենք մեր Երևանով, բայց չի կարող Հայաստանը դառնալ քաղաք-պետություն, մենք այդպիսի տարածաշրջանում չենք ապրում։ Մենք այս հարցը շտկելու ենք»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և քվեարկել իրենց ուժի օգտին։ Դաշինքի անդամները մայիսի 17-ին քարոզարշավի շրջանակներում կլինեն նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում և Աբովյան քաղաքում։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում