Մշակույթ

Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն. Գյումրիում ներկայացվել են Բակունցի և Մարիամ Ասլամազյանի կապի բացառիկ վավերագրերը

5 րոպեի ընթերցում

Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն. Գյումրիում ներկայացվել են Բակունցի և Մարիամ Ասլամազյանի կապի բացառիկ վավերագրերը

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո, Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կայացել է բացառիկ ցուցադրություն-բանախոսություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաժանված ժամանակ, միավորված հիշողություն. Ակսել Բակունց-Մարիամ Ասլամազյան» խորագիրը կրող հատուկ միջոցառումը կազմակերպվել է պատկերասրահի, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի և Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Այս յուրահատուկ նախաձեռնությունն այցելուների համար բացահայտել է մի կարևոր, մինչ այժմ քիչ լուսաբանված էջ՝ հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի և գյումրեցի մեծահամբավ նկարչուհի Մարիամ Ասլամազյանի միջև ձևավորված մարդկային և ստեղծագործական սերտ կապի պատմությունից։

Բակունց ասլամազյան.jpg

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը, անդրադառնալով երկու արվեստագետների ծանոթությանը, նշեց, որ այդ հանդիպումը կենսագրական ուշագրավ հանգամանք է, որի մասին հիշատակվում է նաև Ասլամազյանի ինքնակենսագրականում: 1935 թվականի ամռանն Ասլամազյան քույրերն առաջին անգամ մեկնել էին Գորիս՝ Զանգեզուրի բնաշխարհը վրձնելու նպատակով: Նույն ժամանակահատվածում Գորիսում էր գտնվում նաև Ակսել Բակունցը, որն աշխատում էր «Զանգեզուր» կինոնկարի սցենարի վրա: Հենց այստեղ էլ կայանում է նրանց ծանոթությունը, որից հետո Բակունցն անձամբ է ուղեկցում ու նկարչուհիներին ներկայացնում Զանգեզուրի գեղատեսիլ վայրերը: Այդ օրերից հյուսվում է նրանց ամուր բարեկամությունը, որը շարունակվում է երկարամյա նամակագրությամբ: Բակունցի արխիվի վերաբացման արդյունքում հայտնաբերվել են հետաքրքիր վավերագրեր, որոնք գեղեցիկ լույս են սփռում այս ջերմ հարաբերությունների վրա:

Բակունց.jpg

Ցուցադրության ընթացքում առաջին անգամ մեկ ամբողջական պատմության մեջ հանրությանն են ներկայացվել Բակունցի տուն-թանգարանում պահպանվող բացառիկ նյութեր: Այցելուները հնարավորություն են ունեցելծ անոթանալու Մարիամ Ասլամազյանի ինքնագիր նամակներին ու բացիկներին՝ ուղղված Բակունցների ընտանիքին, Գրիշա և Վահան Բակունցների հուշագրական վկայություններին։ Նրանք նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալ 1935 թվականի գորիսյան հիշողություններին վերաբերող այլ արխիվային փաստաթղթերի: Այս վավերագրերը փաստում են, որ նկարչուհու շփումները Բակունցների ընտանիքի հետ շարունակական են եղել նաև գրողի ողբերգական մահից հետո, իսկ Մարիամ Ասլամազյանն անգնահատելի դերակատարություն է ունեցել Բակունցի հիշատակի պահպանման գործում: Այս երկարամյա կապն իր գեղարվեստական բարձրագույն մարմնավորումն է ստացել նկարչուհու «Ակսել Բակունցը մոր հետ» նշանավոր կտավում, որի ստեղծման պատմությանը վերաբերող նյութերը նույնպես ցուցադրված էին: Հատկանշական է, որ երեկոյի ընթացքում, ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ներկայացվել է նաև այդ հայտնի կտավի 2D անիմացիոն տարբերակը:

Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն ընդգծեց միջոցառման խորհրդանշական դերը՝ նշելով, որ մեծ անհատները ոչ միայն ապրում են իրենց ժամանակում, այլև յուրօրինակ կամուրջ են տարբեր սերունդների ու մշակույթների միջև: Ըստ նրա՝ «Թանգարանային գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրը լավագույնս արտացոլվում է հենց այս համագործակցության մեջ, քանի որ Ասլամազյան քույրերի թողած նամակների ու բացիկների շնորհիվ այսօր հնարավոր է դառնում նոր ու արժեքավոր մանրամասներ բացահայտել Բակունցի և նրա ընտանիքի կյանքից:

Միջոցառումը դարձել է յուրօրինակ մշակութային երկխոսություն, որը ևս մեկ անգամ ապացուցել է, որ արվեստը, հիշողությունն ու անձնական ջերմ կապերը հաղթահարում են ժամանակի սահմանները՝ վերածվելով կենդանի ու հարատև ժառանգության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում