Մշակույթ

Գյումրիի թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

Գյումրիի թանգարանները բազմաբովանդակ միջոցառումներով միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը

Գյումրիի թանգարաններն այս տարի ևս միացել են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքում գործող ինչպես համայնքային ենթակայության, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող մշակութային օջախները, միանալով միջազգային այս նախաձեռնությանը, կազմակերպել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանրային քննարկումներ։

Գյումրիի թանգարանները իրենց դռները բացել են այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։ Այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր։ Միջոցառումների նպատակն է խթանել հասարակության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ուժեղացնել թանգարանների և հանրության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում։

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը (Ձիթողցոնց տուն-թանգարան) ևս միացել է միջոցառմանը՝ ներկայանալով բազմաբնույթ ու հագեցած ծրագրով։ Այցելուների համար ելույթ են ունեցել Գյումրիի պետական ժողովրդական գործիքների համույթն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Անցկացվել է դարբնության վարպետաց դաս՝ ներկայացնելով դարբնությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս։ Ցուցադրվել են վարպետների ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև գորգագործության երեք սերունդների գործերը՝ նպատակ ունենալով փաստել, որ Ալեքսանդրապոլի ավանդական արհեստները կենդանի են մինչ օրս: Միջոցառման ամենատպավորիչ դրվագներից էին հատուկ էքսկուրսիաները․ թանգարանի կոլորիտին համահունչ՝ էքսկուրսավարները ցուցադրությունը ներկայացնում էին Ալեքսանդրապոլի շրջանի ավանդական տարազներով:

«Կարևորում ենք այս միջոցառումը, քանի որ ևս մեկ անգամ վերաարժևորվում է թանգարանների դերը մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Այն հնարավորություն է տալիս այցելուներին ոչ միայն տեսնել մշտական ցուցադրությունը, այլև մասնակիցը դառնալ մի շարք մշակութային բազմաբովանդակ միջոցառումների։ Չնայած անձրևային եղանակին՝ այցելուների հոսքը բավականին մեծ է․ կան թե՛ գյումրեցիներ, թե՛ քաղաքի հյուրեր։ Նախորդ տարի այս միջոցառման շրջանակներում ունեցել ենք 6500 այցելու, և ենթադրում եմ, որ այս տարի կգերազանցենք այդ ցուցանիշը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Անի Նազարյանը:

«Թանգարանային գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: Հայաստանը համաեվրոպական այս նախաձեռնությանը պաշտոնապես միացել է նույն՝ 2005 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում