Քարոզարշավի հինգերորդ օրը «Հայաստան» դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր

3 րոպեի ընթերցում

Քարոզարշավի հինգերորդ օրը «Հայաստան» դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքը քարոզարշավի 5-րդ օրը հանդիպեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց ընտրություններում հաղթելու դեպքում իրենց գործողությունները։

«Հիմար օրենքը՝ գույքահարկի մասին օրենքը, փոխելու ենք, համաներում է լինելու բոլոր տուգանքների, բոլոր հիմարությունների, որ մեր ժողովրդին սարքել են պարտքերում խրված մի ժողովուրդ։ Էլ վարորդական, էլ չգիտեմ ինչ»,- ասաց Քոչարյանը։

Զորավար Անդրանիկի արձանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ և ցուցակի առաջին տասնյակում տեղ զբաղեցնող Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Դաշինքի անդամները ներկայացրին Երևան քաղաքին, ինչպես նաև այլ թեմաներին առնչվող իրենց տեսլականը։ 

Հանրահավաքի ավարտին Ռոբերտ Քոչարյանը զբոսնեց և լուսանկարվեց իր աջակիցների հետ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։

Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ 

Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում