Մշակույթ

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Հունաստանն իմ աչքերով» ֆոտոցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Հունաստանն իմ աչքերով» ֆոտոցուցահանդես

Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հունաստանն իմ աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը՝ Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի, պաշտոնական հյուրերի և ֆոտոմրցույթի մասնակիցների ներկայությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսն իրականություն է դարձել Երևանի Պոնտի հունական համայնքի և ԵՊՀ Հունագիտության կենտրոն-գրադարանի նախաձեռնությամբ։ Այն սկիզբ էր առել որպես ֆոտոմրցույթ՝ Պոնտի Հունական համայնքի ֆեյսբուքյան և ինստագրամյան կայքերում։ Մրցույթը միավորել էր ավելի քան 100 մասնակցի, որոնք ներկայացրել էին շուրջ 600 լուսանկար՝ լի հիշողություններով, հույզերով և անկեղծ սիրով դեպի Հունաստանը։

«Ցուցահանդեսի վերնագիրը՝ «Հունաստանն իմ աչքերով», անմիջապես առաջացրեց հետաքրքրություն։ Ինձ համար կարևոր էր հասկանալ՝ ինչպես են հայերը տեսնում Հունաստանը, ինչ են նկատում այցելելիս և ինչն է կապում իրենց այդ երկրի հետ անգամ առանց ֆիզիկապես այնտեղ լինելու»,– ցուցահանդեսին բացման իր խոսքում նշել է Հունաստանի դեսպանը՝ հավելելով, որ իրեն խորապես տպավորել են լուսանկարների մեջ արտացոլված սերն ու ջերմությունը։

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանն իր խոսքում ընդգծել է, որ Երևանը քաղաք է, որը միշտ բաց է բոլոր մշակույթների համար։

«Մեզ համար մեծ ուրախություն է, որ թանգարանը կարող է լինել նման նախաձեռնությունների հարթակ և կամուրջ՝ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները ամրապնդելու համար»,– ասել է նա։

Ժյուրիի անունից ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը։Նա նկատել է, որ ինքն էլ հունական մշակույթի մեծ երկրպագու է։

«Հայաստանը և Հունաստանը ունեն պատմական ու մշակութային հատուկ կապ, և նման նախաձեռնությունները օգնում են այդ երկխոսությունը պահել ակտիվ և կենդանի»,– ասել է Կիլիչյանը։

Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 13-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում