Միսաք և Մելինե Մանուշյանների սերն ու պայքարը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում. բեմում էր Affiche ROUGE 23-ը
6 րոպեի ընթերցում
Affiche ROUGE 23 հակապատերազմական ներկայացման հիմքում Ֆրանսիական դիմադրության խիզախ մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի անմնացորդ սիրո պատմությունն է։ Սեր, որը կարողանում է հաղթահարել բոլոր փորձությունները՝ պատերազմ, բաժանում, հուսալքություն։
Գրիգոր Ջանիկյանի «Անավարտ hամանվագ» վեպի և Միսաք Մանուշյանի պոեմների հիման վրա բեմադրված հուզիչ ներկայացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում էր։
Ադապտացիան և բեմադրությունն իրականացրել է Արմեն Արշալույսյանը, բեմանկարիչը Ռոզա Սարգսյանն է, բեմում էին Նարինե Մալյանի ու Տաթևիկ Մելքոնյանի արվեստանոցների ուսանողները, որոնք սիրեցին, սիրվեցին, մեկը մյուսին փոխարինելով՝ անցան Մանուշյանների ճանապարհով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ ռեժիսոր Արմեն Արշալույսյանը նշում է՝ փորձել են Մանուշյաններին անդրադառնալ փորձարարական մոտեցումներով. մեկ հարթակում են համախմբել 22 դերասանի, որոնք տեսարանից տեսարան «իրար են փոխանցում» Միսաքի և Մելինեի դերերը։
«Բեմում 15 Մելինե և վեց Միսաք կա։ Նրանք ոչ թե մեկ հերոսի են խաղում, այլ կերտում են այն հազարավոր մարդկանց կենսագրություններն ու ճակատագրերը, որոնք անցել են պատերազմի միջով։ Խոսում ենք պատերազմի մասին, բայց հիմքում սերն է, խոսում ենք սիրո մասին, և թե ինչպես է այն պայքարում պատերազմի դեմ։ Սա պատերազմի և սիրո բախումն է։ Անդրադառնում ենք խաղաղության հաղթանակին, որն առանց սիրո անհնար է»,-ընդգծում է ռեժիսորն ու հավելում՝ Affiche ROUGE 23-ը խորհրդանշական վերնագիր է։
Միսաք և Մելինե Մանուշյանները Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցներ են եղել՝ գլխավորելով «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական ստորաբաժանումը, և նրանց անունները հայտնվել են նացիստների անցանկալի «Կարմիր պաստառ» (Affiche ROUGE) ցուցակում։ 23-ը խորհրդանշում է այն 23 հոգուն, որոնք փետրվարի 21-ին սպանվել են ֆաշիստական Գերմանիայի կողմից։
«Դերակատարները 22-ն են։ Մի տեղը թողել ենք այն հանդիսականին, որը կհասկանա, որ ունի իր պայքարը։ Եթե ուզում ենք սեր, խաղաղություն, ուժ և հաղթանակներ, մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք և գիտակցենք՝ կա պայքար, որը կիսատ ենք թողել։ Ցավոք, աշխարհում պատերազմները շարունակվում են. պետք է պայքարել հանուն սիրո»,-վստահեցնում է Արշալույսյանը։
Դերակատարները սովորում են երրորդ կուրսում։ Ռեժիսորը նշում է՝ երբեմն նկատվում է մրցակցություն, ինչը բնական է համարում, քանի որ արվեստը սիրում է հավակնոտ մարդկանց, սակայն դերակատարներն ապրում են կերպարներով, ինչի արդյունքում երկու կուրսերի ուսանողների միջև մրցակցությունը երկրորդ պլան է մղվում՝ թույլ տալով, որ ներկայացումը կայանա։
Դերասանուհի Ռուզաննա Հայրապետյանի համար Affiche ROUGE 23-ն առանձնահատուկ է, քանի որ իրենք են ընտրել այն տեքստերը, որոնք հնչեցնում են, դրվագները, որոնցում ներկայանում են որպես Մելինե, Լուիզ և Միսաք։
«Ռեժիսորը մեզ հնարավորություն էր տվել հնարավորինս անկեղծ լինել։ Այն դրվագները, որոնցում խաղում եմ, իմ սրտին ամենամոտն էին։ Այս բեմադրությամբ կարողացանք տեղ հասցնել այն, ինչ ցանկանում էինք։ Կան մարդիկ, որոնց չէի ասել, որ շատ սիրում եմ։ Այս ներկայացմամբ խոստովանեցի դա»,-ասում է Ռուզաննան ու վստահեցնում, որ ներկայացումը դրական ազդեցություն կունենա հանդիսատեսի վրա։
Չի կարծում, որ հնարավոր կլինի փոխել բոլորի մտածելակերպը, բայց ազդեցություն թողնել հնարավոր է։
Ըստ նրա՝ ո՛չ Միսաքը, ո՛չ Մելինեն, ո՛չ Լուիզը չհանձնվեցին։ «Միսաքն ու Լուիզը մահացան, բայց Մելինեն ապրեց ու պահեց այն մարդկանց խոսքը, որոնք պայքարել էին խաղաղության համար։ Մելինեով շարունակվեց խաղաղությունը։ Նման մարդիկ կան և շարունակում են խաղաղություն տարածել»,-հավաստիացնում է երիտասարդ դերասանուհին։
Խոստումնալից դերասան Վազգեն Մկրտչյանը, որը նաև «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում է խաղում, կարծում է՝ երիտասարդների կյանքում մեծ նշանակություն ունեն սերն ու նվիրվածությունը։ «Ասում են, որ պետք է ապրած լինես այդ ամենը, անցած լինես այդ ամենի միջով՝ կերպարներին լիարժեք հասկանալու համար։ Մենք այդ ժամանակներում չենք ապրել, այդ կյանքը չենք ունեցել, չենք տեսել այդ ամենը մեր աչքերով, բայց դա չի խանգարել, որ զգանք այդ ապրումները մեր մաշկի վրա, թե ինչ է ցավը, թե ինչ հետք կարող է տառապանքը թողնել մարդու վրա, ազդել ներաշխարհի, ապագայի վրա»,-շեշտում է նա ու խոստովանում՝ ներկայացումից հետո շատ ոգևորված է, էմոցիաները եռում են ներսում։
Ըստ Վազգենի՝ Միսաքն այն կերպարներից է, որը շատ լավ գիտի, թե ով է, ինչ է ուզում, ինչ դիրք ունի այն ասպարեզում, որտեղ որ է։ «Ցանկացածիս գերխնդիրը հենց դա է։ Պետք է հասկանալ, թե ինչ դեր ես խաղում այս քաղաքակրթության մեջ, թե ինչ կարող ես տալ, փոխել։ Միսաքը գիտի, թե ինչի համար է ծնվել, ինչի համար է պայքարում, և այդ գործում նրան օգնում է սերն իր բոլոր դրսևորումներով՝ սերը հայրենիքի, կնոջ, իր նկատմամբ։ Կա մի հետաքրքիր տեքստ, որը մեծ սիրով եմ արտաբերում. «Քեզ կորցնելն ավելի դժվար է, քան կորցնել հավատը պայքարի նկատմամբ»։ Դրանով ամեն ինչ ամփոփվում է»,-ասում է Մկրտչյանը։
Ներկայացումն իրականացվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի Carte blanche ուսանողական նախագծերի աջակցության ծրագրի շրջանակում: