«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավի առաջին հանդիպմանը պատմել են անվտանգության իրենց մոդելի մասին
3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը մայիսի 8-ին իր նախընտրական քարոզարշավը սկսել է Էջմիածնի «Անմար կրակ» հուշահամալիրի տարածքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպմանը դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իրենք ձգտում են խաղաղության, բայց այն պետք է լինի հարատևելի և երաշխավորված։
«Մենք առաջարկում ենք անվտանգության մեր մոդելը. ժամանակակից և մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Ուրիշ մոդելներ մարդկությունը դեռ չի հորինել»,-ասել է նա։
Խոսելով տնտեսական քաղաքականությունից` Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ իրենց նպատակն է վերականգնել արդյունաբերությունը և ունենալ զարգացած գյուղատնտեսություն, քանի որ այսօր հնարավորություններն ավելի մեծ են։
«Այսօր կա հսկայական շուկա՝ ԵԱՏՄ շուկան է, և մենք կարող են արտադրել այստեղ ու սպառել մեր արտադրանքը ԵԱՏՄ շուկայում»,-նշել է Քոչարյանը։
Կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանն էլ հավելել է, որ իրենց նախընտրական ծրագիրը հիմնված է վեց սկզբունքների վրա։
«Դրանք են` անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։ Մենք չենք գնում մանդատների կամ պաշտոնների հետևից, մեզ այս հրապարակ է բերել մեր ժողովրդի առջև մեր պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը»,-հավելել է Սաղաթելյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքն առաջադրել է պատգամավորի 213 թեկնածություն։ Դաշինքի կազմում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, «ԱռԱջ» կուսակցությունը, որի նախագահ Սևակ Խաչատրյանը 2025-ին Վաղարշապատի ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի կազմում։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` «Հայաստան» դաշինքը ստացել էր ընդհանուր ձայների 21.09%-ը, ունենալով 29 մանդատ, որից մեկը ասորական համայնքի ներկայացուցիչ է։