Շաբաթների փոխարեն՝ րոպեներ. հայ հիմնադիրների ստեղծած ArchiWise AI-ը փոխում է կառուցապատման մասին որոշումները կայացնելու գործընթացը

7 րոպեի ընթերցում

Շինարարության և կառուցապատման ոլորտում որոշումների կայացման մեկնարկային փուլը հաճախ երկար, բարդ և ռիսկային է։ Հայ հիմնադիրների ստեղծած ArchiWise AI ստարտափը փորձում է փոխել հենց այդ փուլը՝ միավորելով անշարժ գույքի զարգացման համար անհրաժեշտ հիմնական վերլուծությունները մեկ հարթակում և հնարավորություն տալով կառուցապատողներին, ներդրողներին, միջնորդներին ու ճարտարապետներին ավելի արագ և հիմնավորված որոշումներ կայացնել։

Քրիս Վարդանյանի և Ավագ Սիմոնյանի գաղափարի հիման վրա ստեղծված ArchiWise AI-ը արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է, որը նախատեսված է անշարժ գույքի զարգացման գործընթացում ամենաբարդ որոշումները կառավարելու համար՝ դեռևս գույքի ձեռքբերումից և նախագծման մեկնարկից առաջ։ Այն միավորում է տեղագրության նախնական ուսումնասիրությունը, գոտիավորման իրավական սահմանափակումները, ֆինանսատնտեսական հիմնավորման սցենարները, թույլտվությունների կենսունակության գնահատումը, ինչպես նաև բնական և շուկայական ռիսկերի վերլուծությունը. ուսումնասիրությունը կատարվում է յուրաքանչյուր հողակտորի համար։

Ներկայում ArchiWise AI-ը գործում է ԱՄՆ շուկայում, սակայն հիմնադիրների խոսքով՝ տեխնոլոգիան ունիվերսալ է և ապագայում կարող է կիրառվել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Թեև նախագիծը գործարկվում է ԱՄՆ-ում, թիմը հիմնականում աշխատում է Հայաստանից. «Մենք սկսել ենք մեկ շուկայից՝ գործընթացը պարզեցնելու համար, բայց տեխնոլոգիան ունիվերսալ է և կարող է կիրառվել ցանկացած երկրում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են հիմնադիրները։

«Անշարժ գույքի ոլորտում հաճախ ստիպված ենք լինում արագ որոշումներ կայացնել, բայց դրանք միշտ չէ, որ լինում են բավարար հիմնավորված։ Շատ դեպքերում հապաղում ենք և արդյունքում կորցնում գործարքներ»,-պատմել է Քրիս Վարդանյանը՝ ընդգծելով, որ ստարտափի գաղափարը հենց սեփական փորձի հիման վրա է առաջացել. նա անշարժ գույքի ոլորտում տասնամյակների փորձ ունի։ 

Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես սրվում էր այն փուլերում, երբ անհրաժեշտ էր արագ ստանալ տվյալներ քաղաքաշինական սահմանափակումների, թույլատրելի կառուցապատման կամ հաստատման հնարավորությունների մասին։

Հարթակը լուծում է մի քանի առանցքային խնդիր։ Առաջինը հողատարածքների որոնումն է։ Եթե նախկինում կառուցապատողները դիմում էին միջնորդներին և շաբաթներով սպասում առաջարկների, ապա այժմ կարող են հարթակում նկարագրել իրենց պահանջները և գրեթե անմիջապես ստանալ համապատասխան տարբերակներ։

Բացի այդ, համակարգը տրամադրում է տվյալներ հողատարածքների գոտիավորման, թույլատրելի կառուցապատման, սեփականատերերի և այլ կարևոր պարամետրերի վերաբերյալ։ Համակարգը ներդրողներին և կառուցապատողներին հնարավորություն է տալիս բացահայտել հողատարածքի իրական շահութաբերության պոտենցիալը, վաղ փուլում կանխատեսել ու շրջանցել ճակատագրական խոչընդոտները և ընտրել զարգացման ամենակենսունակ ու առևտրային տեսանկյունից արդյունավետ ուղին։

ArchiWise AI-ը քարտեզի վրա ցուցադրում է նաև հնարավոր ռիսկերը՝ կապված ջրհեղեղների, հրդեհների, երկրաշարժերի և այլ գործոնների հետ, ինչպես նաև տրամադրում է ժողովրդագրական և տնտեսական տվյալներ։ Սակայն, հիմնադիրների խոսքով, հարթակը ոչ միայն տվյալներ է հավաքում, այլև վերլուծում է դրանք՝ առաջարկելով ամենաօպտիմալ լուծումները։

«Հարթակը պատասխանում է մի քանի հիմնական հարցի՝ որտե՞ղ կառուցել, ի՞նչ կառուցել և արդյոք նախագիծը կհաստատվի՞։ Այն, ինչ նախկինում տևում էր շաբաթներ կամ ամիսներ, այժմ կատարվում է րոպեների ընթացքում»,- նշել է Վարդանյանը։

Համահիմնադրի խոսքով՝ հարթակի աշխատանքը հիմնված է բազմաշերտ իրավական տվյալների վրա՝ դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում։ Համակարգը յուրաքանչյուր քաղաքի համար ձևավորում է գիտելիքների բազա և պատասխանները տրամադրում է այդ տվյալների հիման վրա։ Միաժամանակ այն վերլուծում է նաև նախադեպերը՝ գնահատելով, թե նման նախագծերը տվյալ տարածքում որքանով են հավանական հաստատման համար։

Այնուամենայնիվ, հիմնադիրները շեշտում են, որ հարթակը չի տալիս բացարձակ երաշխիքներ։ «Նույնիսկ պաշտոնական փաստաթղթերը կարող են սխալ լինել։ Մենք ապահովում ենք առավելագույն ճշգրտություն, բայց նաև ցույց ենք տալիս աղբյուրները, որպեսզի օգտատերը կարողանա ստուգել տեղեկատվությունը»,- ասել է Վարդանյանը։

Հարթակը ներկայացվել է Գլենդելում՝ CBRE-ի կենտրոնակայանում (առևտրային անշարժ գույքի ոլորտում ծառայություններ մատուցող և ներդրումային գործունեություն իրականացնող աշխարհի խոշորագույն ընկերություն) կայացած ոլորտային քննարկման ժամանակ։ Հիմնադիրների խոսքով՝ արձագանքը սպասվածից ավելի դրական է եղել։ Մասնակիցների թվում եղել են ինչպես խոշոր ընկերությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են եղել հարթակի հնարավորություններով։

Արտաշես Արդի Քասախանյան՝ Գլենդելի քաղաքապետ

Խոսելով ապագայի մասին՝ հիմնադիրները համոզված են, որ արհեստական բանականությունը կարող է էականորեն փոխել անշարժ գույքի զարգացման ողջ շղթան։

«Մի քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի ամբողջ ցիկլը՝ հողատարածքի որոնումից մինչև նախագծի հաստատում, իրականացնել մեկ հարթակում։ Նախագծի հաստատումը չպետք է տևի ամիսներ կամ տարիներ։ Նպատակն այն է, որ մարդը րոպեների ընթացքում հասկանա՝ ինչն է հնարավոր և ինչն է պետք ուղղել»,- նշել է Վարդանյանը։

Այս պահին ArchiWise AI-ը համագործակցում է մի շարք խոշոր կազմակերպությունների հետ և ունի տասնյակից ավելի գործընկեր ընկերություններ։ Ընկերությունը ներկայում զարգացման ակտիվ փուլում է։ Այն արդեն ներգրավել է նախնական ներդրում և պատրաստվում է նոր փուլ մտնել։ Միաժամանակ թիմը աշխատում է նոր լուծման վրա, որը կավտոմատացնի նաև ճարտարապետական գծագրերի ստուգման գործընթացը՝ զգալիորեն կրճատելով դրա տևողությունը։

Հայերեն English

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ