Ֆրանկոֆոնիան՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. երկամսյակը կեզրափակվի հնչեղ գալա համերգով
9 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում նախաձեռնությունը երկու ամիս շարունակ համերգների, ցուցահանդեսների, կինոդիտումների, գիտաժողովների և կրթական ծրագրերի միջոցով իր շուրջ էր համախմբել ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններին՝ նպաստելով ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, կապերի ստեղծմանն ու նոր ծրագրերի մշակմանը։
«Հայաստան-Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն» խորագրով ծրագրի կայացման գործում մեծ ներդրում ունեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և այլ կառույցներ։
Միջոցառումները, որոնց մեկնարկը տրվեց մարտի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» համերգով, եզրափակվելու է ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվող գալա համերգով։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ երեկոյի երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն է։ Կհնչեն նաև Սարասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները։

Որպես մենակատար հանդես կգա Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, համերգը կղեկավարի Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին։
Կայացած համերգների, Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կարևորության և առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ։
Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեծ կարևորություն ունի դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու, ֆրանկոֆոն երկրների ստեղծագործական ներուժը ներկայացնելու, փորձի փոխանակման, հետաքրքիր կոմպոզիտորների արվեստը հանրայնացնելու գործում։ Նրա խոսքով՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր ենթակայությամբ գործող կոլեկտիվների բազմաբնույթ ծրագրերով մշտապես մասնակցում է ֆրանկոֆոն մշակույթի հանրահռչակմանը։

«Կարծում եմ՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի հանդիսատեսի կողմից բավականին մեծ հետաքրքրություն և դրական արձագանք կա։ Այդ են փաստում տոմսերի վաճառքն ու լեփ-լեցուն դահլիճները»,-ասում է նա և հիշեցնում՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը բացման համերգից զատ իրականացրել է մի շարք համերգներ, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Ռոբերտ Ամիրխանյանի համատեղ համերգը՝ նվիրված բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին, Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Ազնավուրի հավերժ մեղեդիներ» համերգը՝ նվիրված մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ համատեղ համերգը, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի երկու համերգը Երևանում և Վանաձորում, որոնց ընթացքում հնչել են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ։
«Մեզ համար ամենակարևորն ունկնդրի հետաքրքրությունն է բարձրակարգ երաժշտության նկատմամբ։ Մենք հաճախ ենք ներկայացնում արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայաստանում բնակվող կամ այդ պահին Հայաստանում գտնվող զբոսաշրջիկներին էլ է դա դուր գալիս։ Ինֆորմացիան տեսնելու պարագայում տոմսը գնում ու գալիս են համերգասրահ»,-նշում է Գարեգին Սարգսյանն ու ընդգծում, որ ֆրանկոֆոն հեղինակների կատարում են ոչ միայն երկամսյակի, այլև ամբողջ տարվա ընթացքում կազմակերպված համերգներին։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը հրաշալի առիթ է դառնում նաև համագործակցությունների համար։ «Հրավիրված մենակատարներն ու դիրիժորները` կլինեն ֆրանսիացի, թե այլ ազգի ներկայացուցիչ, վարպետության դասեր են անցկացնում Հայաստանում։ Բարեկամական հարաբերությունները, շփումները կարող են բերել այն կետին, որ քննարկվեն մեր կոլեկտիվների մասնակցությամբ հյուրախաղերը ֆրանկոֆոն երկրներում։ Նախորդ տարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի դեպի Եվրոպա և Ամերիկա շրջագայության առաջին համերգը կայացավ Փարիզում։ Ըստ իս՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լավագույն առիթներից է համագործակցության և մշակութային դիվանագիտության հիմքերն ամրապնդելու համար»,-շեշտում է Սարգսյանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հիշեցնում է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որին անդամակցում է ավելի քան իննսուն երկիր, այդ թվում՝ Հայաստանը, աշխարհի խոշորագույն կազմակերպություններից է։ Կարծում է՝ ֆրանկոֆոն երկրների մշակույթին հաղորդակից դառնալը հարստացնում է Հայաստանը, և մեր անդամակցությունը թույլ է տալիս հանրայնացնել նաև Հայաստանի մշակույթն ու արժեքները։

«Լինելով այդպիսի մեծ կառույցի անդամ՝ Հայաստանի տեսանելիություն ենք ապահովում աշխարհում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն առաջնորդվում է մի շարք արժեքներով, որոնցից է օրինակ՝ գենդերային հավասարությունը։ Այդ կազմակերպությունը բարձր արժեքների պաշտպանն ու ջատագովն է։ Անդամակցելով այդ կազմակերպությանը՝ մենք ևս այդ արժեքներն ենք պաշտպանում և հանրահռչակում Հայաստանում»,-նշում է փոխնախարարը։
Դանիելյանը մեծ նշանակություն է տալիս նաև ֆրանսերենի ուսուցմանը Հայաստանում ու նշում, որ ֆրանսերենն աշխարհում ամենատարածված լեզուներից 4-րդն է. մոտ 400 միլիոն մարդ խոսում է այդ լեզվով, իսկ Հայաստանն աշխարհագրական իմաստով խաչմերուկում է և նաև ֆրանսերենի իմացության պարագայում աշխարհի հետ շփման լայն հնարավորությունները մեծանում են։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի երկամսյակին՝ Դանիելյանը կարևորում է այն փաստը, որ առհասարակ միջոցառումը մեկամսյա է, բայց Հայաստանում երկու ամիս է տևում, իսկ իրականում երկրում ամբողջ տարվա ընթացքում են ֆրանկոֆոն նախագծեր իրականացվում։

«Մարդիկ սպասում են այս ծրագրին, գիտեն, որ այդ շրջանում կարող են ֆրանկոֆոն երաժշտություն վայելել, ծանոթանալ ֆրանկոֆոն արտիստներին, գրականությանը, ֆիլմարտադրությանը, թատրոնին։ Չմոռանանք, որ ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիան չէ, այլև մի շարք այլ երկրներ՝ Բելգիա, Ռումինիա, Կանադա, Սլովենիա, Լիբանան և այլն։ Միջոցառումները բազմազան ու բազմաշերտ էին՝ նախատեսված դասական արվեստի երկրպագուների, դպրոցականների, երիտասարդների և այլ շերտերի համար»,-ընդգծում է Դանիլյանը։
Հայաստանն աշխատում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ համագործակցել թե՛ լեզվի, թե՛ մշակույթի, թե՛ կրթության և այլ բնագավառներում, սակայն երաժշտության և կինոյի ոլորտներում համագործակցությունն առավել վառ է ընդգծվում։

«Անցկացնում ենք Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն։ Կինոն ունիվերսալ երևույթ է, ինչը հեշտացնում է հանդիսատեսի մուտքը ֆրանկոֆոն աշխարհ, սակայն աշխատում ենք հնարավորինս հավասարաչափ աշխատել բոլոր ոլորտներում»,-ասում է նա։
Փոխնախարարը հիշեցնում է, որ 2027-ին Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը։ Հայաստան կգա ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակից:
«Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելը մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Հաջող համագործակցում ենք նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի տնօրինության հետ։ Նրանք ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի բացմանը Երևանում։ Վստահաբար մյուս տարին կլինի ֆրանկոֆոն։ Արդեն իսկ սկսել եք ուսուցողական ծրագրեր համալսարանական մակարդակներում։ Համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի հետ՝ հյուրընկալելու ենք ուսուցիչների մի ամբողջ պատվիրակություն, որը կմեկնի նաև ՀՀ մարզեր։ Ծրագիրը երկարաժամկետ է. գուցե մի ամբողջ տարի մնան Հայաստանում՝ ֆրանսերեն ուսուցանելու նպատակով։ Ֆրանսերենի միջոցով կբացահայտենք այլ երկրների մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Մի խոսքով՝ հաջորդ տարի կլինենք ֆրանկոֆոն երկրների էպիկենտրոնում, և ֆրանկոֆոնիայի սիրտը կբաբախի Հայաստանում»,-եզրափակում է Դանիել Դանիելյանը։
