Սպորտ

Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։

Մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը   Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։

Մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։ 

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով և վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում և բարձր որակով։ Երկրի ղեկավարը հավելել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության այս քաղաքականությունն ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելուն, երկրում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում