Մարզեր

ՃՇՀԱՀ պատվիրակությունը Գորիսում իր ներդրումն ունեցավ կանաչապատման հավակնոտ ծրագրում

3 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ պատվիրակությունը Գորիսում իր ներդրումն ունեցավ կանաչապատման հավակնոտ ծրագրում

Գորիսում մեծ թափով իրականացվում են կանաչապատման աշխատանքներ։ Ուշագրավ նախաձեռնություններից մեկին մասնակցեց նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) պատվիրակությունը։

«Արմնեպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտնեց, որ իրենց նախաձեռնության համաձայն՝ Գորիսին կից սարալանջերից մեկին 8 հեկտար մակերեսով տարածքում տնկվելու են մշտադալար ծառեր և վարդենիներ։

«Երկու տարի անց այս հատվածը տեսանելի կլինի բոլորին և մի գեղեցիկ երանգ կավելացնի Գորիսի բնապատկերին։ Ձեր հաջորդ այցերի ժամանակ, երբ կգաք ձեր ընտանիքներով, կունենաք հաճելի զգացում, որ Գորիսում կատարել եք բնապահպանական կարևոր ներդրում»,- ասաց Առուշանյանը՝ դիմելով ՃՇՀԱՀ-ի պատվիրակության անդամներին ու ներկայացնելով գաղափարի էությունը։

Համայնքապետը հավելեց, որ նշված հատվածում կանաչապատման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1-ից։ Նախաձեռնության համաձայն՝ սարալանջին տնկվելու է մեկ միլիոն վարդ։

«Լանդշաֆտի մասնագետների և ոճաբանների կարծիքով՝ կունենանք բավականին գեղեցիկ բնապատկեր և այն տեսանելի կլինի տարբեր վայրերից։ Բավականին մեծ թվով վարդենիներ արդեն տկվել են, եթե չհասցնենք, մյուս մասը կտնկենք աշնանը, իսկ հաջորդ տարվա գարնանը կշարունակենք կանաչապաատման աշխատանքները։ Վարդերը կլինեն տարբեր գույների, որպեսզի ստեղծեն ակնահաճո տեսարան։ Ոճաբաններն առաջարկել են բավականին հետաքրքիր լուծումներ։ Այստեղ կլինեն նաև ճեմուղիներ, որպեսզի այցելուները վայելեն լեռներով շրջապատված այս գեղեցիկ տարածքը»,- ասաց Առուշանյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության խորհուրդը միասնականության մեջ է, քանի որ կանաչապատման աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի որ համայնքում են բնակվում։

«Այստեղ ներդրումներ են կատարել նաև արտերկրի մեր հայրենակիցները։ Բոլորին միատեղել է բավականին հավակնոտ գաղափարը՝ միահամուռ ջանքերով կյանքի կոչել այս նախաձեռնությունը։ Սյունիքի լեռներում կստեղծվի գեղեցիկ միջավայր»,- ասաց Գորիսի համայնքապետը և միացավ Երևանից ժամանած հյուրերին, որոնք մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ տնկեցին մշտադալար ծառեր ու վարդենիներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում