Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում 614 հազար անձ օգտվել է բժշկական ծառայություններից
7 րոպեի ընթերցում
Հայաստանում Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում արդեն 614 հազար անձ օգտվել է բժշկական ծառայություններից, իսկ 1 մլն 700 հազար քաղաքացի ապահովագրվել է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն ամփոփեց գործունեության 100 օրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվեցին համակարգի ներդրմանը հաջորդած 100 օրվա արդյունքները, ձևավորված համագործակցության փորձը, շահառուների իրական պատմությունները և հիմնադրամի առաջիկա քայլերը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման պահից ապահովագրվել է 1 մլն 700 հազար մարդ, 614 հազար մարդ արդեն իսկ օգտվել է համակարգի ընձեռած հնարավորություններից:
Ավանեսյանը նշեց, որ քաղաքացիները երկար տարիների ընթացքում կուտակված առողջապահական կարիքները կարողանում են բավարարել քաղաքակիրթ ձևով․ «Պետությունը նրանց կողքին է, իսկ ապահովագրավճար վճարող անձինք ևս մեծ գոհունակությամբ օգտվում են ծառայություններից: Ամսական որոշակի գումար վճարելով՝ քաղաքացիները պաշտպանվում են մի քանի միլիոն դրամ արժողությամբ բժշկական ծառայություններից օգտվելու դեպքում առաջացող ֆինանսական ծանր բեռից»,- մանրամասնեց Ավանեսյանը:
Նախարարն ընդգծեց, որ համակարգի նպատակը առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումն է, բնակչության առողջության բարելավումը և կանխարգելիչ բուժօգնության խթանումը։
Անդրադառնալով առաջացող բարդություններին՝ Ավանեսյանը նշեց, որ յուրաքանչյուր նոր ծրագիր ունի իր խոչընդոտները, սակայն հավելեց, որ դրանց հաղթահարման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռ մինչև համակարգի գործարկումը։ Նրա խոսքով՝ բազմաշերտ բարեփոխման համար առանցքային է համագործակցությունը, ինչպես նաև թվային լուծումների ներդրումն ու տեղեկատվության արդյունավետ փոխանցումը։
«Հիմնական խոչընդոտներից մեկը եղել է տեղեկատվության մեծ հոսքը ինչպես բուժառուների, այնպես էլ բուժաշխատողների համար։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը և հարթակներում ամենօրյա քննարկումները հնարավորություն տվեցին արագ արձագանքել և տեղում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշեց նա։
Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ աշխատանքի ձևաչափի փոփոխությունը սկզբնական փուլում որոշ դժվարություններ է առաջացրել, մասնավորապես՝ բժիշկների հաշվետվողականության մասով, սակայն արդեն հաջորդ ամիսներին այդ խնդիրները շտկվել են։ Նրա խոսքով՝ հիմնադրամի քաղաքականությունն է մշտապես կապի մեջ լինել շահառուների և բուժաշխատողների հետ ու արագ արձագանքել առաջացող խնդիրներին։
«Իրականացվել է շուրջ 67 հազար վիրահատական միջամտություն։ Ամենամեծ ծավալը կազմել են խորհրդատվությունները, հետազոտությունները և դեղորայքային ապահովումը։ Միայն առաջնային օղակում իրականացվել է ավելի քան 1 մլն հետազոտություն, իսկ դեղորայքային ապահովման դեպքերը կազմել են շուրջ 480 հազար»,- մանրամասնել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ համակարգի կարևոր նպատակներից է քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին դեղորայքով ապահովելը՝ կանխելով սրացումները և բարելավելով նրանց առողջական վիճակը։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը նշել է, որ առաջին 100 օրերի ընթացքում շահառուներին մատուցվել է ավելի քան 1.5 մլն տարբեր ծառայություն, տրամադրվել է դեղորայք, դուրս է գրվել շուրջ 1.4 մլն դեղատոմս։ Խարազյանը նշեց, որ այս ցուցանիշները վկայում են համակարգի արդյունավետ գործարկման մասին։
«Համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն ֆինանսապես պաշտպանել քաղաքացիներին, այլ նաև ձևավորել վստահություն, որ առողջական խնդիրների դեպքում պետությունը կանգնած է նրանց կողքին։ Քաղաքացիները էական ֆինանսական բեռ չեն կրում ծառայություններից օգտվելու համար: Ապահովագրական փաթեթում ներառված կանխարգելիչ ծրագրերն ու սկրինինգային հետազոտությունները հնարավորություն են տալիս հիվանդությունները հայտնաբերել վաղ փուլերում, ինչը նպաստում է ապրելիության բարձրացմանը, մահացության և հաշմանդամության նվազեցմանը»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա փոփոխություններին՝ նա նշեց, որ ժամանակահատվածը դեռևս կարճ է համակարգային խորքային փոփոխություններ պլանավորելու համար, սակայն իրականացվում են մշտադիտարկումներ՝ հնարավոր շեղումները բացահայտելու նպատակով.
«Փորձելու ենք գնահատել այդ շեղումները և համապատասխան արձագանքել՝ համակարգի բալանսավորված զարգացումն ապահովելու համար»,- ասաց նա:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանն էլ հավելեց, որ ցանկացած նորարարական մոտեցում սկզբնական շրջանում բարդ է լինում, սակայն առողջապահական ոլորտի ներկայացուցիչներն ունեն անհրաժեշտ ներուժ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։
Նրա գնահատմամբ՝ համակարգի հիմնական դժվարություններն արդեն հաղթահարված են, և քաղաքացիները զգում են դրա արդյունավետությունը։ «Հազարավոր մարդիկ արդեն օգտվել են բուժօգնությունից այս համակարգի շրջանակում: Համակարգի արդյունավետությունը պետք է դիտարկել երեք տեսանկյունից՝ բնակչության, բուժաշխատողների և բուժհաստատությունների։ Իմ կարծիքով՝ բոլոր երեք ուղղություններով արձանագրվում են գոհացնող արդյունքներ»,- նշեց նա։
Ծառուկյանն ընդգծեց, որ համակարգը թույլ է տալիս բուժանձնակազմին և հաստատություններին առավել կենտրոնանալ իրենց հիմնական առաքելության՝ հիվանդների բուժման վրա՝ նվազեցնելով ֆինանսական խնդիրների հետ բուժառուների առնչությունը։
Անդրադառնալով հերթերի խնդրին՝ նա նշեց, որ դա բնական է՝ հաշվի առնելով տարիներով կուտակված առողջապահական կարիքները։ Նրա խոսքով՝ մարդիկ երկար ժամանակ հնարավորություն չեն ունեցել լուծել իրենց պլանային առողջական խնդիրները, իսկ այժմ այդ հնարավորությունը ստեղծվել է։
«Հերթերի հետ կապված հարցերը կառավարելի են և ժամանակի ընթացքում կկարգավորվեն, դրանք էական խոչընդոտ չեն համակարգի արդյունավետ աշխատանքի համար»,- եզրափակեց կենտրոնի տնօրենը: