Համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ. կան ձերբակալվածներ
1 րոպեի ընթերցում

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
«Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվեց, որ համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։
Բազալտի արդյունահանման տարածքում ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել ապօրինի արդյունահանմանն աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս 4 հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Հանգամանքները պարզվում են։