Առողջ ապրելակերպի համար ապահովագրված անձինք բոնուսային միավորներ կստանան
3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը Կառավարության նիստում զեկուցեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նրա խոսքով՝ բոնուսային համակարգը նախատեսված է ապահովագրված անձանց առողջ ապրելակերպը խրախուսելու համար։
«Մենք օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվում են բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով, բացի կանխարգելիչ ծառայություններից՝ սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել»,- ասաց Նանուշյանը։
Նախարարի առաջին տեղակալը պարզաբանեց, որ տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին կփոխանցվեն նախնական բոնուսային միավորները։
Լրացուցիչ գործակիցներ կկիրառվեն այն դեպքերում, երբ ապահովագրված անձը հանդես կգա որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից կգրանցվեն առողջ ապրելակերպին միտված բարելավվող ցուցանիշներ։
Այդպիսի ցուցանիշներ կարող են լինել, օրինակ, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորումը, ծխելուց հրաժարումը և այլ առողջապահական վարքագծային փոփոխություններ։
Նանուշյանի խոսքով՝ բոնուսների չափերը և ընթացակարգերը մանրամասն կսահմանվեն առողջապահության նախարարի հրամանով։
«Վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10 տոկոսը»,- նշեց նա։
Ըստ նախագծի հիմնավորման՝ մեկ բոնուսային միավորը համարժեք է 1 դրամի։
Կուտակված բոնուսային միավորները հնարավոր կլինի օգտագործել մի քանի ուղղությամբ։ Դրանք կարող են ուղղվել ապահովագրավճարի վճարմանը, կամավոր բժշկական ապահովագրական փաթեթի ձեռքբերմանը, համավճարների վճարմանը, ինչպես նաև մարզասրահների և լողավազանների բաժանորդավճարներին։
«Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից, սակայն նախնական հաստատումը մեզ հնարավորություն կտա նախապատրաստել էլեկտրոնային գործիքը և նախապատրաստական աշխատանքներ իրականացնել կամավոր բժշկական ապահովագրություն տրամադրող կազմակերպությունների, մարզասրահների և լողավազանների հետ»,- ասաց Նանուշյանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կարգի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենքով սահմանված բոնուսային համակարգի լիարժեք գործարկումը, խրախուսել առողջ ապրելակերպը, ինչպես նաև նպաստել հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։