Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
2 րոպեի ընթերցում

Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:
Հիմնական ախատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:
Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։
Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։
Հատկանշական է, որ ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Հոսպիտալացվալ էր 11 քաղաքացի։
Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել էին շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնել էին, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։