Ծիծեռնակաբերդում ավարտվել են երեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները. հուշարձանը լիովին պատրաստ է առաջիկա միջոցառումներին
3 րոպեի ընթերցում
Ծիծեռնակաբերդի երեք մույթերի և չորս աստիճանավանդակների հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Հուշահամալիրը պատրաստ է ապրիլի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին փուլով ավարտվել են հուշակոթողի երեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները, նաև թանգարան-ինստիտուտի տանիքի վերանորոգման աշխատանքները, որտեղ ջրահեռացման լուրջ խնդիրներ կային, ջրահեռացման խնդիրներ կային նաև արևմտյան մասնաշենքի տանիքում։
Նախարարը տեղեկացրել է, որ պայմանագրով հուշահամալիրում շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
«Հաշվի առնելով ապրիլի 24-ին ընդառաջ սպասվող մարդկային մեծ հոսքը՝մենք այնպես ենք աշխատանքները կազմակերպում, որ յուրաքանչյուր փուլով ամփոփում ունենանք, մինչև սպասվող արարողությունները»,-ասաց նա։
Նախարարը վարչապետին հավաստիացրեց, որ աշխատանքներն իրականացնելիս պարբերաբար մասնագիտական լայն քննարկումներ են անցկացվում՝ սկսած քարի ընտրությունից։
Անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով է իրականացվում հուշահամալիրի այն մույթերի ընտրությունը, որոնք պետք է վերանորոգվեն՝ նախարարը հստակեցրել է, որ հիմնանորոգման համար նախ և առաջ ընտրվել են առավել վատ վիճակում գտնվողները։
«Առաջին երեք մույթերն ընտրվել են՝ որպես ամենավատ վիճակում գտնվող, որովհետև կար մասնագիտական քննարկում, թե արդյոք ամբողջությամբ պետք է սալերն առանձնացվեն, թե պարզապես որոշ վնասվածները հեռացնել։ Մույթերից մեկի մեջ մեկ տոննայից ավել նյութ են սրսկել»,-ասաց Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը, ով նաև հիմնանորոգման աշխատանքային խմբում է, և շինարարներ:
Վարչապետին ներկայացրին, որ կառուցվել է նաև նոր դրենաժային համակարգ, քանի որ հինն արդեն փտած էր, փոխվել են նաև մույթերի արանքի չորս աստիճանավանդակները։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ աշխատանքներ են տարվել նաև հուշապատի կողքի հատվածում, որտեղ չկար ճանապարհ, և այդտեղ ևս կառուցվել է արահետ։
Առաջիկա շաբաթվա ընթացքում տարածքում կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ։