Մշակույթ

Լոռի Բերդ․ պատմամշակութային ժառանգությունից դեպի ժամանակակից զբոսաշրջային կենտրոն

4 րոպեի ընթերցում

Լոռի Բերդ
Լոռի Բերդ

Վերջին տարիներին Լոռի Բերդ հնավայրում իրականացվող լայնածավալ ծրագրերը միտված են ոչ միայն պատմամշակութային արժեքների պահպանությանը, այլև տարածքի վերափոխմանը ժամանակակից զբոսաշրջային կենտրոնի։ Պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերականգնման, պեղման և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների շնորհիվ հնավայրը աստիճանաբար դառնում է ավելի հասանելի, բարեկարգ և գրավիչ այցելուների համար։

Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ ընդգծելով,  որ  2022 թվականից Լոռի Բերդ հնավայրում մեկնարկել են համակարգված և լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հուշարձանի պահպանությանը, ուսումնասիրմանը և զարգացմանը։ Նախնական փուլում իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքներով հստակեցվել են հետագա վերականգնման ուղղությունները և մշակվել գիտանախագծային փաստաթղթեր։

Նույն թվականին վերականգնվել է պարիսպների մի հատված, իսկ հետագա աշխատանքների համար պատրաստվել են նոր նախագծեր՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերականգնել ամրոցի  պարսպաշարը։ Զուգահեռաբար մշակվել են գիտանախագծային  փաստաթղթեր  հնավայրի երկու բաղնիքների և եկեղեցու   հասարակական կառույցի համար, որը պատմության ընթացքում տարբեր նշանակություն է ունեցել։

2024-2025 թվականներին արդեն ավարտվել են եկեղեցու և մեծ բաղնիքի վերականգնման աշխատանքները, իսկ փոքր բաղնիքի դեպքում մնացել են միայն ծածկի հետ կապված փոքրածավալ  աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում։ Պարիսպների վերականգնումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականի վերջ։

Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվում նաև ենթակառուցվածքների զարգացմանը։ Կառուցվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որը մոտ ժամանակում կբացվի և կծառայի այցելուներին՝ ապահովելով տոմսարկղ, սանհանգույցներ, հուշանվերների վաճառք, ինչպես նաև ժամանակակից սպասարկման այլ հնարավորություններ։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի զբոսաշրջային հոսքերի կազմակերպման և սպասարկման որակի բարձրացման համար։

Ծրագրերն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։ 2022 թվականից ի վեր Լոռի Բերդում իրականացված աշխատանքների համար ներդրվել է ավելի քան 600 միլիոն դրամ։ Միայն այս տարի պարիսպների վերականգնման շարունակության համար նախատեսվել է մոտ 100 միլիոն դրամ, ինչպես  նաև շուրջ 15 միլիոն դրամ՝ հնագիտական պեղումների շարունակության նպատակով։

«Աշխատանքների ծավալը տարեցտարի ընդլայնվում է՝ հաշվի առնելով, որ Լոռի Բերդ քաղաքատեղին ընդգրկում է մեծ տարածք և ունի հարուստ  բազմադարյա պատմություն։ Նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում, քայլուղիների ստեղծում և փոխարինում, ինչը կնպաստի հնավայրի լիարժեք ներառմանը զբոսաշրջային երթուղիներում»,- նշեց Վանյանը։

Արդյունքում Լոռի Բերդը աստիճանաբար ձևավորվում է որպես կազմակերպված և կառավարվող պատմամշակութային տարածք, որտեղ գործում է տոմսային համակարգ, ապահովվում է պահպանություն, և նախատեսվում է աշխատակազմի ընդլայնում՝ սպասարկման որակը բարձրացնելու նպատակով։

Նախորդ տարվա տվյալներով հնավայրը ունեցել է շուրջ 14 հազար այցելու, և ակնկալվում է, որ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև նորաբաց տեղեկատվական կենտրոնի շնորհիվ այցելուների թիվը առաջիկա տարիներին զգալիորեն կաճի։

«Այս ամենը վկայում է, որ Լոռի Բերդում իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ՝ միտված հուշարձանի պահպանությանը, գիտական ուսումնասիրությանը և այն ժամանակակից զբոսաշրջային կենտրոնի վերածելուն»,- եզրափակեց  Հարություն Վանյանը։

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում