«Բոհեմ», «Ինկած բերդի իշխանուհի», «Արտիստիկ համերգ». Գյումրիի թատրոնը հյուրախաղերով Երևանում է
4 րոպեի ընթերցում

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը թատերական տոն կպարգևի երևանյան հանդիսատեսին։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ թատրոնի 160-ամյակի շրջանակում եռօրյա հյուրախաղերով հանդես կգան բավականին հետաքրքիր ներկայացումներով։
«Մենք հիմնականում շեշտադրում ենք այն հանգամանքը, որ Հայաստանի տարբեր քաղաքներից հանդիսատեսը գա Գյումրի։ Դրան զուգահեռ կազմակերպում ենք նաև հյուրախաղեր։ Ահա այս անգամ հանդես ենք գալու Երևանում։ Հանդիսատեսը հնարավորություն ունի ապրիլի 17-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում դիտել «Արտիստիկ համերգ» ներկայացումը, ապրիլի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ինկած բերդի իշխանուհի»-ն, ապրիլի 19-ին «Բոհեմ» ներկայացումը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Իր բազմազանությամբ երգով ու պարով առանձնանում է «Արտիստիկ համերգ» ներկայացումը։ Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ հանդիսատեսը հիմնականում թատրոնում դերասաններին տեսել է խաղալիս, իսկ հիմա այս ներկայացմամբ ձևաչափը փոխվել է։ Դերասանները ոչ միայն ներկայացման մեջ խաղում են, այլև երգում են ու պարում։ Նրանք հանդես են գալիս կենդանի նվագակցությամբ։
Կարևոր շեշտադրումներ է պարունակում «Ինկած բերդի իշխանուհի»-ն ներկայացումը, որի հիմքում սեփական սխալները գտնել կարողանալու ուղերձն է, համերաշխությունը, սերը։ Սա այն ներկայացումներից է, որը միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճով։ Այն արդեն 3 տարի է բեմում է, սակայն միշտ պահանջված է։
«Բոհեմ» ներկայացումը ևս մի քանի տարի է բեմում։ Ներկայացման 4 հերոսուհիները անտարբեր չեն թողնի ոչ մի հանդիսատեսի։ Ֆրիդա Կալո, Էդիթ Պիաֆ, Մարիա Ցվետաևա և Կոկո Շանել, կանայք են, որոնք գրավեցին ամբողջ աշխարհը, սակայն տանուլ տվեցին իրենց անձնական կյանքը։
Երևանից բացի թատրոնի ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի այլ քաղաքները և այլ երկրները, որտեղ նույնպես պատրաստվում են մեկնել հյուրախաղերով։ Առաջիկա այցը սպասվում է Բուլղարիա։
Ակտիվ ստեղծագործական կյանքին զուգահեռ նկատելի բարեկարգման աշխատանքներ են տարվում Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում։ Տնօրեն Արամ Կարապետյանը նշեց, որ վերջին շրջանում թատրոնում ավելացել են կապիտալ ծախսերը։
«Կառավարության ու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնում մոտ 97 մլն դրամի լուսային տեխնիկան է թարմացվել, 43 մլն դրամ հատկացվել է ձայնային տեխնիկայի համար։ Ասեմ, որ մեզ մոտ միշտ խնդիր է եղել, լուսային համակարգը 1968-1970-ական թվականների արտադրության է և անհնար է գնել, թարմացնել, քանի որ այդպիսի ապրանք արտադրության մեջ չկա։ Հիմա մեկնարկել ենք թատրոնի կաթսայատան նորոգումը։ Այստեղ ևս սարքավորումները բավականին հին են, ու ծախսատար։ Հիմա այս նոր ներդրումներով մենք կկարողանանք բավականին գումար խնայել ջեռուցման ծախսերի առումով»,-ասաց Արամ Կարապետյանը։