2 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանն առաջիկա օրերին կգործարկի բջջային նոր հավելված, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան վճարել ավտոկայանատեղիների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Մշակվել է և այս շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կգործի YES Parking բջջային հավելված, որը ի հավելումն Երևանում ավտոկայանատեղիների համար վճարումների sms հաղորդագրության տարբերակի՝ հնարավորություն է տալիս վճարումը կատարել ոչ թե հեռախոսահամարի բալանսը լիցքավորելով, այլ բջջային հավելվածին կցել բանկային քարտ, որի միջոցով վճարումը կիրականացվի։ Նաև մի խնդիր է հասցեագրվել, որից մեր քաղաքացիները հաճախ բողոքում էին։ Խոսքը նրա մասին էր, որ ժամային վճարում իրականացնող քաղաքացիները, օրինակ, մեքենան կայանելուց հետո անընդհատ ստիպված են շեղվել իրենց գործերից, որպեսզի վճարումները իրականացնեն։ Հավելվածով նախատեսված է նաև ավտոմատ վճարման հնարավորություն։ Օրինակ, հանդիպումից առաջ վարորդը կարող է ակտիվացնել դա, նշել ժամանակահատվածը և կայանումն ավարտելուն պես ավարտել պարբերական վճարումները։ Եվս մեկ խնդիր կա, որի մասով շատ բողոքներ են եղել։ Տուգանվելու դեպքում փոստային համակարգով ծանուցումների դեպքում շատ ժամանակ մեր քաղաքացիները միայն հարկադիր կատարման ծառայության փուլում էին տեղեկանում տուգանքի մասին, երբ հայտնաբերում էին, որ իրենց այս կամ այն հաշվի վրա արգելանք է դրվել։ Հիմա, բացի այն, որ վճարման միջոցների դյուրինացումը բերելու է տուգանքների չձևավորման. բայց նաև հնարավորություն է լինելու ավելացնել տրանսպորտային միջոցը և պարբերաբար ստուգել տուգանքի առկայությունը, որը հնարավոր կլինի վճարել նույն հավելվածով։ Վերջին նոր հնարավորությունն այն է, որ հավելվածում հնարավորություն է լինելու տեսնել, թե քաղաքի որ հատվածում կա ազատ կայանատեղի»,- մանրամասնել է Գրիգորյանը։