«Յամա»-ն՝ լավագույն ներկայացում. հայտնի են 25-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները
6 րոպեի ընթերցում
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսականպետական դրամատիկական թատրոնում տեղիունեցավ Հայաստանի թատերական գործիչներիմիության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ մրցանակակիրների անունները հնչեցնելը բեմ բարձրացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ու ընդգծեց, որ 25-րդ «Արտավազդ»-ը նվիրված է հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։
Նա շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին մրցանակաբաշխության անցկացման աջակցելու համար։
Թատերարվեստի ներկայացուցիչներին շնորհավորեց նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Թատրոնը մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ, ամենավառ դրսևորումներից մեկն է, որը, խոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազատը։ Այսօր էլ հայ թատրոնը շարունակում է իր կարևոր և բարձր առաքելությունը, միավորում է մարդկանց գեղեցիկի և մարդկային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումների և արժեքների շուրջ»,-ասաց նա։
Անդրադառնալով «Արտավազդ»-ին՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ այն մեր թատերական կյանքի թերևս ամենակարևոր իրադարձություններից է, որն արժևորում է լավագույններին։
Նա վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է և շարունակելու է աջակցել թատերական արվեստի զարգացմանը՝ գիտակցելով դրա կարևոր դերը մեր քաղաքի մշակութային կյանքի հարստացման և միջազգային ճանաչելիության բարձրացման գործում։
Անվանակարգերն ու մրցանակակիրների անունները ներկայացնում ենք ստորև՝
«Լավագույն դերասան»՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թ-ն, Նարեկ Բաղդասարյան, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» (Անթեյ)
«Լավագույն դերսանուհի»՝ Մհեր Մկրտչյանի անվ․ արտիստական թատրոն, Տաթև Հովակիմյան, «Եթե դու մեռնեիր» (Աննա)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Պատանի հանդիսատեսի թ-ն, Սաշա Սուքիասյան, «Մեղրի համը» (Պիտեր Սմիթ)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, Ելենա Վարդանյան, «Յամա» (Աննա Մարկովնա)
«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թ-ն, Անի Ռաշոյան,
«Երեք անունով մի աղջիկ», «Երկարագուլպա Պեպպին»
«Լավագույն զգեստների նկարիչ»՝ Պատանի հանդիսատեսի թ-ն, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թ-ն, Լուսինե Խաչատրյան, «Կատվի տունը», «Երկարագուլպա Պեպպին»
«Լավագույն լուսային նկարիչ»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, Հայկ Աղաբեկյան, «Յամա»
«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թ-ն, «Վանական» ռոք խումբ, «Պենելոպե, օ՜, Պենելոպե»
«Լավագույն թատերախոսական»՝ Գոռ Վանյան ,«Ջին խաղը Համազգային թատրոնում»
«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Աշտարակի դրամատիկական թ-ն, Միշա Հակոբյան, «42-24» (Բարոն Ֆոնբերգ)
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, Հռիփսիմե Նահապետյան, «Յամա» (Ժենկա)
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թ-ն, Մերի Մարգարյան, «Կոստյումով տղամարդիկ»
«Լավագույն մանկական ներկայացում»՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նախագիծ, «Լույսի ծածկագիրը», Բեմ․՝ Քրիստինե Ասրյան
«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ Աշտարակի դրամատիկական թ-ն, «42-24», Բեմ․՝ Գոռ Մարգարյան
«Լավագույն երաժշտական ներկայացում»՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թ-ն, «Փրայմ թայմ», Բեմ․՝ ՀակոբՂազանչյան
«Լավագույն պլաստիկական ներկայացում»՝ Մետրոթ-ն, «Մկների ժողովը», Բեմ․՝ Սոնա Մարտիրոսյան
«Լավագույն կամերային ներկայացում»՝ Մհեր Մկրտչյանի անվ․ արտիստական թ-ն, «Եթե դու մեռնեիր», Բեմ․՝Տաթևիկ Մելքոնյան
«Լավագույն ռեժիսուրա» Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն«Յամա» Բեմ․՝ Գոռ Մարգարյան
«Լավագույն ներկայացում»՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն, «Յամա», Բեմ.՝ Գոռ Մարգարյան
Մետաքսե Սիմոնյանի անվան հատուկ մրցանակը տրվեց դերասանուհի և բեմադրիչ Տաթևիկ Մելքոնյանին, Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար հատուկ մրցանակների արժանացան դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ու դերասան, ՀՀ վաստակավո արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Արտավազդ» հատուկ մրցանակների արժանացան ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սիմոն Աբգարյանը, ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին և «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Յուրի Նավոյանը և բեմադրիչ Դավիթ Հարությունյանը։
ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ»-ը 1996 թվականին հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում: 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է: