Մեր նպատակը հասանելի ու որակյալ մանկական բժշկություն ապահովելն է՝ անկախ ընտանիքի հնարավորություններից. Արա Բաբլոյան

11 րոպեի ընթերցում

Հայաստանում մանկական առողջապահության համակարգը կանգնած է խորքային փոփոխությունների շեմին․ առաջնային օղակի ուժեղացում, մարզերում ծառայությունների ապակենտրոնացում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և միջազգային համագործակցության ընդլայնում։

«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժիշկ-մանկաբույժ Արա Բաբլոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությունները, տարվա ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։

-Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին կենտրոնի համար և որո՞նք էին ամենակարևոր ձեռքբերումները։

-Կենտրոնը դինամիկ զարգացող կառույց է, և մեր գործունեությունը պետք է դիտարկել որպես շարունակական գործընթաց։ Մենք մշտապես ուսումնասիրում ենք մեր իրականացրած գործառույթները, փորձում ենք դրանք բարելավել, զարգացնել և հասցնել ավելի բարձր մակարդակի։

Մեր գործունեությունը մի քանի հիմնական ուղղություն ունի։ Առաջինը՝ ամենօրյա բժշկական ծառայություններն են՝ մանկաբուժություն, մանկական վիրաբուժություն, ուրոլոգիա, երիկամաբանություն, քիթ-կոկորդ-ականջաբանություն, ռևմատոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, օրթոպեդիա և այլ ուղղություններ։ Սրանք այն ծառայություններն են, որոնք ապահովում են համակարգի հիմքը։

Դրան զուգահեռ զարգացնում ենք նեղ մասնագիտական ուղղությունները, որտեղ ունենք առավել ընդգծված արդյունքներ։ Մասնավորապես՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտներում կարող ենք ասել, որ «Արաբկիր»-ը առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Մենք ունենք պացիենտներ, որոնք գալիս են արտերկրից՝ հատկապես Միջին Ասիայից, և ստանում են արդյունավետ բուժում։

Էպիլեպսիայի ուղղությունը մեզ համար առանձնահատուկ կարևոր է։ Մենք հսկողության տակ ունենք ավելի քան 4000 պացիենտ, ինչը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է։ Բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային եղանակով, սակայն այն դեպքերում, երբ դա արդյունավետ չէ, կիրառում ենք վիրահատական մեթոդներ։

Այս ոլորտում մենք անցել ենք զարգացման մի քանի փուլ՝ բաց վիրահատություններից մինչև ստերեոտակտիկ մեթոդների ներդրում, երբ մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հայտնաբերել խնդրի օջախը և իրականացնել ռադիոհաճախական աբլացիա՝ առանց բաց վիրահատության։ Ներկայում ներդրվում է նաև խորանիստ ուղեղային ստիմուլյացիան, որը նոր փուլ է այս ոլորտում։

Տարվա ընթացքում ի՞նչ ցուցանիշներ են բարելավվել բուժման, սպասարկման և տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից։

-Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ մենք շարժվում ենք մինիմալ ինվազիվ միջամտությունների ընդլայնման ճանապարհով։ Էնդոսկոպիկ վիրաբուժությունը լայն կիրառություն ունի, և մենք շարունակաբար զարգացնում ենք այս ուղղությունը։

Բայց առավել կարևոր է ոչ թե սարքավորումները պարզապես թարմացնելը, այլ նոր մոտեցումների ներդրումը։ Օրինակ՝ նյարդավիրաբուժության մեջ ստերեոտակտիկ միջամտությունները և խորանիստ ուղեղային ստիմուլյացիան նոր ուղղություններ են, որոնք արդեն կիրառվում են Հայաստանում։

Բացի այդ, մենք սկսել ենք աշխատել արհեստական բանականության կիրառման ուղղությամբ՝ ինչպես կառավարման, այնպես էլ բժշկական գործընթացների մեջ։ Սա թույլ կտա ավելի արագ և արդյունավետ վերլուծել տվյալները, հատկապես երկարատև մոնիթորինգի դեպքերում։

Որո՞նք էին տարվա ընթացքում ամենամեծ մարտահրավերները։

-Ամենամեծ մարտահրավերներից մեկը համակարգային փոփոխությունների իրականացումն է։ Առողջապահությունը չի կարող զարգանալ առանց ընդհանուր համակարգի փոփոխության, և այդ գործընթացները միշտ ուղեկցվում են դժվարություններով։

-Ինչպե՞ս եք գնահատում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրումը։

-Սա չափազանց կարևոր և երկար սպասված գործընթաց է։ Առաջին անգամ այս գաղափարը ներկայացվել է դեռևս 1995 թվականին, սակայն տարբեր պատճառներով չի իրականացվել։ Այսօր մենք արդեն սկսել ենք դրա գործարկումը։

Բնականաբար, կան տարբեր կարծիքներ և դժվարություններ։ Սա նոր է բոլորի համար՝ կառավարության, նախարարության, բուժհաստատությունների և հասարակության։

Իմ գնահատմամբ՝ առնվազն 6 ամիս անհրաժեշտ է, որպեսզի համակարգը կարգավորվի, և բոլոր կողմերը կարողանան իրենց տեղը գտնել։ Թեև թղթի վրա ամեն ինչ շատ պարզ է թվում, գործնականում առաջանում են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։

Սակայն սա անխուսափելի գործընթաց է, և մենք բոլորս պետք է կրենք պատասխանատվություն դրա հաջող իրականացման համար։

-Դիմելիության խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Ինչպե՞ս է փոխվում իրավիճակը։

-Սա հիմնարար հարց է, և դրա լուծումը կապված է առաջնային օղակի զարգացման հետ։ Երբ մենք խոսում ենք ուշ դիմելիության մասին, դա հիմնականում առաջին մակարդակի աշխատանքի խնդիր է։

Պետք է հստակ սահմանել՝ ի՞նչ պետք է անի ընտանեկան բժիշկը և ե՞րբ պետք է ուղղորդի մասնագետի մոտ։ Միևնույն ժամանակ, տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեռավար խորհրդատվությունների միջոցով աջակցել մարզային բժիշկներին։

Մյուս կողմից հասարակությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի կանխարգելմանը։ Տարեկան զննումները հնարավորություն են տալիս հիվանդությունները հայտնաբերել վաղ փուլում, ինչը զգալիորեն նվազեցնում է հետագա ծախսերը և բարդությունները։

Առողջապահությունը միայն բուժում չէ. այն նաև երկրի տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ է։

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապակենտրոնացման ուղղությամբ։

-Բժշկական ծառայությունների ապակենտրոնացումը առողջապահության զարգացման և աղքատության կրճատման կարևոր բաղադրիչ է: Սա հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հաղորդակցման, լսուղության խնդիրներ ունեցող երեխաների համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ բժշկական ծառայությունները պետության կողմից անվճար են մատուցվում, եթե ծնողները ստիպված են տարին մի քանի անգամ իրենց երեխային տանել Երևան, դա նման ծառայությունները դարձնում է անհասանելի շատ ընտանիքների համար։ Մենք նպատակ ունենք նվազեցնել Երևան եկող պացիենտների թիվը՝ զարգացնելով մարզային ծառայությունները: Մենք ներկայումս իրականացնում ենք բրոնխիալ ասթմայով երեխաների ախտորոշման և բուժման ապակենտրոնացման պիլոտային ծրագիր: Ծրագիրը իրականացվում է Առողջապահության նախարարության հետ համատեղ և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Մենք բավականին վաղուց սկսել ենք ապակենտրոնացման մեկ այլ ծրագիր՝ մանկական վերականգնողական կենտրոնների ստեղծումը Հայաստանի մարզերում: Մենք արդեն աջակցել ենք նման 14 կենտրոնների ստեղծմանը: Վերջին մանկական վերականգնողական կենտրոնը բացվել է Մեղրիում: Մեր մոտեցումն այն է, որ այս կենտրոնները լինեն պետական համակարգի մաս, ոչ թե «Արաբկիր»-ի սեփականություն։ Մենք աջակցում ենք դրանց ստեղծմանը, մասնագիտական զարգացմանը, իսկ հետո դրանք փոխանցվում են պետությանը։

-Ի՞նչ դեր ունի միջազգային համագործակցությունը կենտրոնի զարգացման մեջ։

-Միջազգային համագործակցությունը մեր գործունեության հիմքում է։ Մենք համագործակցում ենք շուրջ 20 երկրների հետ՝ ԱՄՆ, Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Բուլղարիա, Բելարուս, Իսպանիա, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ։ Սա թույլ է տալիս մեզ ներդնել լավագույն փորձը Հայաստանում։ Օրինակ՝ օրգանների փոխպատվաստումը Հայաստանում ներդրվել է միջազգային համագործակցության շնորհիվ։ Մենք Հայաստանում միակ կենտրոնն ենք, որը կատարում է երիկամների փոխպատվաստում և՛ երեխաների, և՛ մեծահասակների, ինչպես նաև լյարդի փոխպատվաստում երեխաների համար։

-Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդ բժիշկների դերը։

-Երիտասարդների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է։ Նրանք ունեն իրենց ասոցիացիան, ակտիվ են և ներգրավված։

Մենք նաև կարևորում ենք այն, որ մեր պատրաստած մասնագետները աշխատեն այլ կենտրոններում՝ նպաստելով ամբողջ համակարգի զարգացմանը։

- Ի՞նչ դեր ունի գիտությունը կենտրոնի զարգացման մեջ։

-Առանց գիտության առաջընթաց հնարավոր չէ։ Մենք պետք է մշտապես վերլուծենք մեր արդյունքները, համադրենք միջազգային փորձի հետ և զարգանանք այդ հիմքի վրա։

-Որո՞նք են երեխաների առողջության ոլորտի հիմնական խնդիրները։

-Ամենակարևոր խնդիրը առաջնային օղակի զարգացումն է։ Երեխաների առողջության հիմքը դրվում է հենց այդ մակարդակում։ Առաջնային մակարդակում, երեխաների առողջության պաշտպանությանն ուղղված գործողությունների հետ մեկտեղ, որոնք վճարվում են մեկ շնչի հաշվով, անհրաժեշտ է զարգացնել հիվանդությունների բուժման բժշկական ծառայություններ, որոնք կարող են իրականացվել ամբուլատոր կամ տնային պայմաններում: Սա զգալիորեն կնվազեցնի հիվանդանոցների բեռը և կնպաստի զգալիորեն ավելի ծախսարդյունավետ առողջապահության ապահովմանը:

-Ինչո՞վ է առանձնանում «Արաբկիր» բժշկական կենտրոնը։ 

-Մեր հիմնական սկզբունքն է՝ սոցիալապես մատչելի բժշկություն։ Անկախ ընտանիքի հնարավորություններից՝ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա նույն որակի բուժում։

-Ինչպե՞ս եք պատկերացնում կենտրոնը 5-10 տարի անց։

-Ապագայում ծառայությունների զգալի մասը կտեղափոխվի մարզեր։ Կենտրոնները կզբաղվեն ավելի բարդ դեպքերով, իսկ առաջնային և միջին մակարդակները կմոտենան բնակչությանը։

-Ձեր ուղերձը ծնողներին և մասնագետներին։

-Ես կոչ եմ անում ծնողներին ուշադրություն դարձնել ոչ միայն հիվանդությանը, այլև կանխարգելիչ միջոցառումներին և պարբերական ստուգումներին: Մասնագետներին` անընդհատ կատարելագործել իրենց մասնագիտական ​​գիտելիքներն ու հմտությունները՝ հիվանդներին ապահովելու ամենաարդյունավետ և ժամանակակից բուժումներով: Միայն այդ դեպքում կարող ենք կառուցել առողջ հասարակություն։ 

 

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը