ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով
10 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառումը մեկ հարթակում համախմբել էր ավելի քան 1000 մասնակիցների՝ պետական կառույցների, ֆինանսական հատվածի, խոշոր բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների։
Համաժողովի կարևոր խորհրդանշական դրվագներից էր շախմատի առաջին քայլի արարողությունը, որը նվիրված էր Ծաղկաձորում կայանալիք դպրոցական շախմատի մրցաշարին և աշխարհի թիմային առաջնության եվրոպական փուլի բացմանը։ Արարողությանը մասնակցեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Թիմուր Տուրլովը, ով Հայաստան է այցելել հենց այդ մրցաշարի առթիվ։ Նրա ներկայությունը համաժողովում յուրահատուկ կերպով միավորեց ֆինանսական և շախմատային աշխարհներին բնորոշ գաղափարները՝ ռազմավարական մտածողությունը, հաշվարկված որոշումների կայացումը և ապագայի նկատմամբ երկարաժամկետ տեսլականը։

Խորհրդանշական առաջին քայլը դարձավ ոչ միայն միջոցառման հիշարժան դրվագը, այլև ընդգծեց կրթական և երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը՝ ցույց տալով, որ ապագայի տնտեսական և ներդրումային մտածողությունը ձևավորվում է նաև կրթության, վերլուծական մտածողության և ռազմավարական մշակույթի միջոցով։

Համաժողովի գործարար ծրագիրը ներառում էր լիագումար նիստ, մի շարք պանելային քննարկումներ, միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկումներ, հատուկ հայտարարություններ և գործընկերային միջոցառումներ։ Քննարկումների առանցքում էին Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը, ներդրումների ներգրավման նոր հնարավորությունները, երկրի ինտեգրումը միջազգային ֆինանսական համակարգին, բանկերի և բրոքերների դերը ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործում, ինչպես նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունը ֆինանսական ոլորտի ապագայի վրա։

Լիագումար նիստը, որը կրում էր «Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների պրիզմայով» խորագիրը, նվիրված էր համաշխարհային ֆինանսական համակարգի ընթացիկ վերափոխումներին և այն հնարավորություններին, որոնք այդ փոփոխությունները կարող են ստեղծել Հայաստանի համար։

Լիագումար նիստի առանցքային բանախոսներից էր Freedom Holding Corp.-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։ Նա անդրադարձավ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին, միջազգային ներդրողների համար երկրի հնարավորություններին և ժամանակակից ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման նշանակությանը։

Համաժողովի պանելային քննարկումներն ընդգրկեցին կապիտալի շուկաների զարգացման, բանկերի և բրոքերների համագործակցության, ֆինանսական տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության, ֆինանսական գրագիտության և մարդկային կապիտալի թեմաները։
Առանձին քննարկում նվիրված էր կապիտալի շուկաների առանցքային դերին Հայաստանի տնտեսական ապագայի ձևավորման գործում։ Բանախոսներն անդրադարձան բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների զարգացմանը, հայկական ընկերությունների՝ բաց շուկաներ դուրս գալու հնարավորություններին, IPO-ների հեռանկարներին, բորսաների դերին օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում և կապիտալի շուկայի ներուժին՝ որպես բիզնեսի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր։

«Բանկերն ու բրոքերները՝ Հայաստանի ազգային բարեկեցության հիմքում» պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան ֆինանսական համակարգում բանկերի, բրոքերների և կարգավորողի փոխլրացնող դերերին, միջազգային հաճախորդների սպասարկման հնարավորություններին, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացմանը և ներդրումային մշակույթի զարգացմանը։

Տեխնոլոգիական ուղղությունը ներկայացվեց «Թվային հորիզոններ․ ինչպես է տեխնոլոգիան փոխում ֆինանսները» պանելային քննարկման շրջանակում։ Քննարկվեցին արհեստական բանականության աճող դերը, ֆինանսական ծառայությունների թվայնացումը, ֆինտեխի զարգացումը, թվային նույնականացման նշանակությունը, նոր վճարային լուծումները և ներդրումային ծառայությունների հասանելիության ընդլայնումը։
Համաժողովի կարևոր իրադարձություններից մեկը դարձավ նաև Team Holding-ի պարտատոմսերի ծրագրի ամբողջական տեղաբաշխման մասին հայտարարությունը։ Միջոցառման շրջանակում հայտարարվեց, որ Team Holding-ը Freedom Broker Armenia-ի մասնակցությամբ ավարտել է պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի, ինչպես նաև ծրագրային ազդագրով նախատեսված ամբողջ ծավալի տեղաբաշխումը։

Երրորդ փուլի դոլարային պարտատոմսերի ծավալը կազմել է 12,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ամբողջ ծրագրի շրջանակում տեղաբաշխվել է ընդհանուր առմամբ 31,5 մլն ԱՄՆ դոլարի և 1,4 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս։ Այս գործարքը ներկայացվեց որպես Հայաստանի կապիտալի շուկայի գործնական զարգացման օրինակ՝ ցույց տալով, որ տեղական բիզնեսը կարող է ֆինանսավորում ներգրավել ոչ միայն ավանդական բանկային վարկավորման, այլև կապիտալի շուկայի գործիքների միջոցով։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանն ուրախությամբ նշեց, որ հնարավոր դարձավ երեք փուլով տեղաբաշխել Freedom հոլդինգի պարտատոմսերը։ Ըստ նրա՝ դա շատ կարևոր քայլ էր, և նման համագործակցությունները կարող են օրինակ ծառայել ուրիշ կազմակերպությունների համար։

«Դա նաև կարող է նպաստել մեր երկրի ընդհանուր տնտեսական աճին։ Մյուս տարի նույնպես կլինենք ակտիվ՝ փորձելով համագործակցել մեծ կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում ապահովում են տնտեսական աՃ։ Շատ կարևոր է, որ Հայաստանում կարող են լինել պարտատոմսերի նման տեղաբաշխումներ։ Մեր հոլդինգում կան տարբեր ներդրողներ։ Երբ մեզ հաջողվում է միջազգային ներդրողներին բերել Հայաստան, դա արդեն իսկ մեծ քայլ է, որովհետև այդ կերպ մեր երկիր է գալիս միջազգային կապիտալ։ Մեր ներդրողների թվաքանակն աճում է, և չկա զսպող հանգամանք կամ խոչընդոտ, որպեսզի ապագայում չաշխատենք կապիտալի շուկայում, որն, ի դեպ, բավականին արագ շարունակում է աճել։ Եթե մենք ինչ-որ ներդրումային գործիք ենք առաջարկում աշխարհին, ապա այդ գործիքը պոտենցիալ ներդրողների համար պետք է լինի հետաքրքիր, և եթե այն ներկայացնենք ինչպես հարկն է, ապա ավելի շատ միջազգային կապիտալ կգա Հայաստան»,- ասաց Հովակիմյանը։
Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ բացվել է իրենց ակադեմիան (Freedom Academy), որը զբաղվում է կրթական ծրագրերով, և արդեն 30 հազար մարդ ծանոթացել է այդ ծրագրերին։

«Հիմա կապիտալի շուկայի հետ աշխատելն անհամեմատ հեշտ է, քան երկու տարի առաջ։ Կարծում եմ ավելի առաջ ենք գնալու, որովհետև Հայաստանն ունի այդպիսի ներուժ։ Կանենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դառնա տարածաշրջանային հիմնական հարթակը, առավել ևս, որ Հայաստանում կապիտալի շուկան զարգացնելը դարձել է ժամանակի հրամայականը»,- ասաց Հովակիմյանը։
Team ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է նախանշված ժամկետներից շուտ։

«Միջոցները ներգրավվելու են ենթակառուցվածքների (այդ թվում՝ լոգիստիկ, էներգետիկ) զարգացման մեջ, ինչը մեզ հնարավորություն է տալու նոր աշխատատեղեր ստեղծել։ Սա նաև վստահության ձեռքբերում է, որովհետև տեսնում ենք, որ մեր ներդրողները գնալով ավելի շատ են մեզ վստահում։ Այն հնարավորությունները, որ ստեղծում ենք ներդրումների համար, նրանց նույնպես գոհացնում է։ Սա փոխշահավետ համագործակցություն է, որովհետև պարտատոմսերի թողարկումն իրականացրինք Freedom Broker Armenia-ի հետ, և այսօր ուրախությամբ հայտնում ենք, որ պարտատոմսերն ամբողջությամբ վաճառվել են»,- նշեց Եսայանը։
Նրա դիտարկմամբ՝ միջոցների ներգրավման առաջին ինդիկատորներից մեկը ընկերությունների նկատմամբ վստահությունն է ու նրանց գործունեության թափանցիկությունը՝ որոշումների կայացումից մինչև ամբողջական հաշվետվություն։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցան նաև գործընկերային և հատուկ միջոցառումներ, այդ թվում՝ Freedom Broker Armenia-ի և Juventus Academy Armenia-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։
Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը շարունակեց նախորդ համաժողովով ձևավորված հարթակի զարգացումը՝ ընդլայնելով ինչպես մասնակիցների շրջանակը, այնպես էլ քննարկվող թեմաների ընդգրկումն ու խորությունը։
Համաժողովի հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ Հայաստանի ֆինանսական շուկայի հետագա զարգացումը պահանջում է միաժամանակ ուժեղ ինստիտուտներ, վստահելի կարգավորող միջավայր, ժամանակակից տեխնոլոգիաներ, զարգացած ներդրումային մշակույթ և պետության ու մասնավոր հատվածի շարունակական համագործակցություն։
Ավելի քան 1000 մասնակիցների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի կապիտալի շուկայի, ներդրումների և ֆինանսական համակարգի զարգացման թեմաները մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործարար և փորձագիտական համայնքներում։