Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը 29 տարվա ընթացքում իրականացրել է ավելի քան 1 մլն հետազոտություն. առաջիկայում այն կունենա նոր մասնաշենք
9 րոպեի ընթերցում
Հայաստանում կանխարգելիչ բժշկության զարգացման գործում կարևոր դեր ունեցող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մոտ երեք տասնամյակ զբաղվում է կանանց առողջության պահպանմամբ և ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերմամբ։ Կենտրոնում այս տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 1 մլն հետազոտություն, իսկ հազարավոր դեպքերում հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն անդրադարձել է հիմնադրամի առաքելությանը, գործունեության արդյունքներին, նոր ծրագրերին և կանխարգելման կարևորությանը։
-Ինչպե՞ս կբնութագրեք կենտրոնի հիմնական առաքելությունն ու արժեքները։
-Մեր հիմնական առաքելությունը հասարակության առողջացումն է։ Մենք միշտ ասում ենք՝ առողջ հասարակությունը սկսվում է առողջ կնոջից, իսկ առողջ կինը նշանակում է նաև առողջ ընտանիք։ Այդ գաղափարախոսությունն արտահայտված է նաև մեր կենտրոնի լոգոյում՝ «Առողջ կին՝ առողջ հասարակություն»։
Սկզբնական շրջանում, երբ նոր էինք սկսել աշխատել, կանայք շատ էին խուսափում կենտրոն գալուց։ Նրանք անհանգստանում էին, վախենում էին լսել հնարավոր ախտորոշումների մասին։ Շատերը նույնիսկ ասում էին՝ «ավելի լավ է չիմանանք, քան իմանանք, որ քաղցկեղ ունենք»։
Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն դարձրեցինք իրազեկման աշխատանքներին։ Կազմակերպում էինք քայլարշավներ, հանդիպումներ, հանրային քննարկումներ, որպեսզի մարդիկ ավելի տեղեկացված լինեն և չվախենան դիմել բժշկի։ Մինչ օրս շարունակում ենք այդ աշխատանքը՝ համագործակցելով նաև լրատվամիջոցների հետ։
-Իսկ ինչո՞վ է ձեր կենտրոնը առանձնանում մյուս բժշկական հաստատություններից։
-Մեր կենտրոնը յուրահատուկ է նրանով, որ տարածաշրջանում այս ուղղությամբ աշխատող եզակի կառույցներից մեկն է։ Այստեղ լուծվում են կրծքագեղձի, արգանդի պարանոցի և վահանաձև գեղձի քաղցկեղի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
Մենք ունենք նորագույն սարքավորումներ և բարձր պատրաստվածությամբ մասնագետներ։ Բացի այդ, կենտրոնը նաև յուրատեսակ ուսումնական հարթակ է․ այստեղ վերապատրաստվում են տարբեր բժշկական հաստատություններում աշխատող ռադիոլոգներ և այլ մասնագետներ։
Կենտրոնի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր ախտորոշում հաստատվում է մի քանի մասնագետների կողմից։ Միջինում 9-10 նեղ մասնագիտացված բժիշկ ուսումնասիրում են հետազոտության արդյունքները, որոնցից առնվազն 5-ը մանրամասն քննարկում են յուրաքանչյուր դեպք։ Այս մոտեցումը զգալիորեն բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունը։
-Վերջին տարիներին ի՞նչ կարևոր փոփոխություններ կամ բարեփոխումներ են իրականացվել կենտրոնում։
-Մենք ամեն տարի թարմացնում ենք մեր տեխնիկական բազան և զարգացնում նոր ծառայություններ։ Օրինակ՝ վերջերս բացել ենք վիրաբուժական և էնդոսկոպիկ բաժանմունքներ։
Բացի այդ, կենտրոնում գործում են բազմաթիվ ուղղություններ՝ ռադիոլոգիա, գինեկոլոգիա, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն, բջջաբանական և հյուսվածաբանական լաբորատորիաներ, դենսիտոմետրիա, ստոմատոլոգիա և այլ ծառայություններ։
2024 թվականին մեր ճառագայթային ախտորոշման բաժանմունքը համալրվեց նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով։ Այս սարքը թույլ է տալիս կատարել բարձր ճշգրտությամբ հետազոտություններ և ստանալ առավել հստակ պատկերներ։
-Խոսենք նաև տեխնոլոգիական հնարավորությունների մասին։
-Բժշկությունը այն ոլորտներից է, որտեղ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Սարքավորում ես գնում այսօր, և մի քանի տարի անց արդեն ավելի զարգացած տարբերակներ են հայտնվում։
Մեր կենտրոնը տարածաշրջանում առաջիններից էր, որ ներդրեց թվայնացված մամոգրաֆիայի համակարգերը։ Այս սարքերը հնարավորություն են տալիս գոյացությունները խոշորացնել մինչև 1000 անգամ և հայտնաբերել դրանք նույնիսկ միլիմետրային ճշգրտությամբ։
Մի ժամանակ Հայաստանը տեխնիկապես հետ էր մնում զարգացած երկրներից, չնայած ունեինք շատ լավ մասնագետներ։ Այսօր արդեն իրավիճակը փոխվել է․ մեր բժիշկները աշխատում են բարձր տեխնոլոգիաներով և մշտապես վերապատրաստվում են արտասահմանում։
-Ինչպե՞ս եք ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ։
-Մեզ համար շատ կարևոր է համապատասխանել միջազգային չափանիշներին։ Այդ նպատակով մենք մշտապես համագործակցում ենք արտասահմանյան գործընկերների հետ։
Մինչ այժմ իրականացվել է ավելի քան 100 բժշկական փոխայց ԱՄՆ-ի հետ։ Մեր բժիշկները վերապատրաստվել են առաջատար բժշկական կենտրոններում, իսկ ամերիկացի և եվրոպացի մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան՝ համատեղ աշխատելու և փորձի փոխանակման համար։
-Կենտրոնը հայտնի է նաև իր սքրինինգային ծրագրերով։ Ինչո՞ւ է կանխարգելումը այդքան կարևոր։
-Կանխարգելումը ամենակարևոր միջոցառումն է, որը նպաստում է մարդու առողջության պահպանմանը։ Առանց կանխարգելման անհնար է արդյունավետ պայքարել քաղցկեղի դեմ։
Կառավարության կողմից իրականացվող սքրինինգային ծրագրերում մենք ակտիվորեն ներգրավված ենք։ Դրանք վերաբերում են կրծքագեղձի, արգանդի պարանոցի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։
-Ինչպե՞ս է փոխվել մարդկանց վերաբերմունքը կանխարգելիչ հետազոտությունների նկատմամբ։
-Երբ կենտրոնը նոր էր ստեղծվել, օրական մեզ այցելում էր ընդամենը 2-3 մարդ։ Այսօր արդեն կենտրոնը օրական սպասարկում է միջինը 260-300 այցելու։ Ուրախալի է, որ նրանց ավելի քան կեսը գալիս են կանխարգելիչ հետազոտության նպատակով։ Դա նշանակում է, որ մարդկանց առողջապահական գիտակցությունը աստիճանաբար բարձրանում է։
-Կենտրոնը մոտ երեք տասնամյակ է գործում։ Ի՞նչ ձեռքբերումներ կկարևորեք։
-Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը մարդկանց կյանքերը փրկելն է։ Մեր գործունեության ընթացքում կենտրոնում իրականացվել է ավելի քան 1,032,000 հետազոտություն, իսկ կենտրոն է այցելել շուրջ 824 հազար մարդ։
Կատարվել է կրծքագեղձի ավելի քան 474 հազար հետազոտություն։ Արդյունքում հայտնաբերվել է 22 հազար 110 դեպք կրծքագեղձի քաղցկեղ կանանց մոտ, որոնցից 16 հազարը 734-ը հայտնաբերվել են վաղ փուլում։ Գրանցվել է նաև 111 դեպք տղամարդկանց մոտ։ Այս թվերը նշանակում են, որ հազարավոր ընտանիքներ չեն կորցրել իրենց մայրերին կամ հարազատներին։
-Ի՞նչ ծրագրեր ունի կենտրոնը առաջիկայում։
-Մեր նպատակն է, որ այցելուն, ով գալիս է կենտրոն, այստեղ ստանա իր բոլոր հարցերի պատասխանները՝ ախտորոշումից մինչև բուժում։ Մենք նախատեսում ենք նաև կառուցել երկրորդ մասնաշենքը, որտեղ կբացվեն նոր բաժանմունքներ։ Բացի այդ, շարունակելու ենք տեխնիկական վերազինումը և բժիշկների վերապատրաստումը։
Մենք նաև ցանկանում ենք զարգացնել բժշկական տուրիզմը Հայաստանում, որպեսզի արտասահմանյան հիվանդները ևս կարողանան օգտվել մեր ծառայություններից։
-Ինչպե՞ս եք տեսնում հայկական առողջապահության ապագան։
-Կուզենայի, որ մեր առողջապահական համակարգը լիովին համապատասխաներ միջազգային չափանիշներին և կարողանար բավարարել քաղաքացիների բոլոր կարիքները։
Մեր նպատակն է, որ մարդիկ բուժման համար ստիպված չլինեն գնալ արտասահման, այլ վստահորեն ընտրեն Հայաստանի բժշկական կենտրոնները։
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ բժիշկներին։
-Ամենակարևորը մասնագիտությանը լուրջ վերաբերվելն է։ Կրթությունը մեծ դեր ունի, բայց ոչ պակաս կարևոր է նվիրվածությունը։
Ուրախ եմ տեսնել, որ այսօր շատ երիտասարդ բժիշկներ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց մասնագիտությանը։ Վստահ եմ, որ հենց նրանք են ձևավորելու Հայաստանի առողջապահության ապագան։