Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց
1 րոպեի ընթերցում

Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրորդ օդաչուի ձեռնարկած ենթադրյալ դիվերսիոն գործողության փորձը կանխել ու նրա հետ բախման արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը, որն արդեն չորս տարի աշխատում է Flydubai-ում, իսկ մինչ այդ 10 տարի աշխատել է հնդկական SpiceJet ավիաընկերությունում։
Ինչպես արդեն հաղորդվել է, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան հաղորդելուց որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում տեղի է ունեցել միջադեպ։ Հետագայում լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորելով մյուսին՝ փորձել էր կործանել ինքնաթիռը։