Հայաստան

Արտաշատում բացվել է Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան

4 րոպեի ընթերցում

Արտաշատում բացվել է Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան

Արտաշատի բժշկական կենտրոնում  արդեն գործում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան Արտաշատի մարզային ախտորոշման կլինիկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կլինիկան ստեղծվել է Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովհանեսյանի և նրա կնոջ՝ Տանյա Հովանեսյանի աջակցությամբ և հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը մարզի բնակչության համար ակնային խորացված հետազոտությունների և ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն կտա:

«Հայկական ակնաբուժության նախագծի» փոխնախագահ Ջոն Հովանեսյանի խոսքով՝ կազմակերպությունն արդեն 34 տարի աշխատում է Հայաստանում բուժանձնակազմի վերապատրաստման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և երկրի ամբողջ տարածքում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։

«Սա Արարատի մարզում միակ կառույցն է, որը «Հայկական ակնաբուժության նախագիծն» է ստեղծել։ Մեր նպատակն է այն այնքան զարգացնել, որպեսզի բարելավվեն մատուցվող ծառայությունների հնարավորությունները։ Առաջնային, երևի թե, կավելանա լազերային բուժման հնարավորությունը՝ դիաբետ, գլաուկոմա ունեցող հիվանդների բուժման, ապա նաև վիրահատություններ կատարելու համար։ Իմ և Տանյայի համար շատ կարևոր է ներդրում անել մի տեղ, որտեղ այն կծառայի լավագույնս»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Ջոն Հովանեսյանը։

«Հայկական ակնաբուժության նախագծի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը նշեց,  որ Արտաշատի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում Նախագծի կողմից ստեղծված 16-րդ բժշկական հաստատությունն է։

«Կարող եմ հպարտությամբ ասել, որ Հայաստանի բոլոր մարզերում կա առնվազն մեկ այդպիսի բժշկական հաստատություն՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Դրանք թույլ են տալիս  կանխարգելել այն դժվար և ծանր հիվանդությունները, որոնք կարող են բերել կուրության»,- ասաց Եղիազարյանը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանի խոսքով՝ նոր կենտրոնը պարզապես հերթական բժշկական կենտրոնը չէ, այլ ևս մեկ կարևոր քայլ է մարզերի բնակիչների համար որակյալ և անվտանգ առողջապահական ծառայությունների հասանելիության ուղղությամբ։

«Տարիներ ի վեր ակնաբուժական նախագիծը հսկայածավալ աշխատանք է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում. հարյուր հազարավոր ակնաբուժական զննումներ, հազարավոր վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների վերապատրաստում ու կրթություն, փորձի փոխանակում։ Վստահ եմ, որ կենտրոնը լինելու է լավ տեսողության և կյանքի որակի բարելավման մի հենակետ Արարատի մարզում»,- նշեց փոխնախարարը։

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ  նոր կենտրոնի կարևորությունը բավական մեծ է, քանի որ նախկինում նմանատիպ ծառայություն Արտաշատի ԲԿ-ում չի եղել։

«Մինչ այս ծառայությունը մատուցվում էր շրջիկ ծառայությունների միջոցով, իսկ այսուհետ մարդիկ այն  կստանան հենց իրենց բնակավայրում։ Հաջորդ տարվա սկզբից մենք նախաձեռնում ենք այս ամենը համալրել նաև վիրահատական ծառայություններով»,- ասաց Հովհաննիսյանը։

«Հայկական ակնաբուժության նախագիծը» 2015 թվականից իրականացնում է լայնածավալ ծրագիր, որի նպատակն է ՀՀ մարզերում վերականգնել ակնային առողջապահական համակարգը։ Արտաշատի մարզային ախտորոշման կլինիկայի ստեղծումը այդ ծրագրի մաս է։ 2015-2020 թվականներին ստեղծվել են մարզային ակնաբուժական հինգ կենտրոններ՝ հագեցած ախտորոշման և վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումներով ու հնարավորություններով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում