Թուրքիա

Թեհրանը և Անկարան փորձագիտական խումբ կստեղծեն Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպի հետաքննության համար

2 րոպեի ընթերցում

Թեհրանը և Անկարան փորձագիտական խումբ կստեղծեն Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպի հետաքննության համար

Թեհրանն Անկարային հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստեղծելու փորձագիտական ​​խումբ Իրանի կողմից Թուրքիայի դեմ ենթադրյալ հրթիռային արձակումները հետաքննելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Գերատեսչությունը հայտնել է, որ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել այս հարցի շուրջ։

Դրան նախորդել է երկու երկրների նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը։

«Զրույցի ընթացքում կողմերը, հիմնվելով երկու նախագահների միջև պայմանավորվածության վրա, համաձայնել են հնարավորինս շուտ ստեղծել փորձագիտական ​​խումբ՝ վերջին պնդումները մանրակրկիտ ուսումնասիրելու համար», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ մարտի 9-ին Իրանից արձակված բալիստիկ հրթիռը Գազիանթեփ քաղաքի Շահինբեյ շրջանի երկնքում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից անհապաղ որսացվել և չեզոքացվել է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Սա փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների ընթացքում Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Իրանը հերքել է առնչությունը նաև Թուրքիայի ուղղությամբ մարտի 4-ին հրթիռի արձակմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում