Հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը
1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ մարտի 4–ի առավոտյան հատուկ չվերթով Լիբանանից Հայաստան է վերադարձել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթը, ուղեկցողներով՝ 87 անձ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
Լիբանանում ՀՀ դեսպանությունը ևս անդրադարձել է թեմային՝ ընդգծելով, որ դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ նվագախումբն այս օրերին Բեյրութում հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը՝ Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել նվագախմբի անդամներին վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: