Սպորտ

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

4 րոպեի ընթերցում

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղի բացման արարողությունը
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղի բացման արարողությունը

Երևանի Ավան վարչական շրջանում բացվել է իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մասնաճյուղը։ Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությունը մեկնարկեց ակադեմիայի Ավանի մարզաբազայում։ Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը Երևանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիսավոր կտրեց կարմիր ժապավենը։ Հյուրերը շրջեցին մարզաբազայում, ծանոթացան կատարված աշխատանքներին, ենթակառուցվածքներին և հետևեցին երեխաների մարզումներին։ Ավանի մարզաբազան ներառում է մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար նախատեսված կացարան, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» ստանդարտներին համապատասխան։

Այնուհետև հյուրերն այցելեցին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնք, որտեղ կայացավ նաև ակադեմիայի երրորդ մասնաճյուղի և սպորտային թաղամասի շինաշխատանքների մեկնարկը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի բացման փաստը։ «Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ եվրոպական խոշոր ակումբի ակադեմիա է բացվում, որը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երեխաների համար»,-ընդգծեց Ավինյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով` ակադեմիաների հիմնադրումը ֆուտբոլի զարգացման հիմնաքարն է: «Մենք չենք կարող մեծ սպորտում նվաճումներ ունենալ, եթե չունենանք հիմնաքար, որոնցից մեկն էլ ակադեմիաների հիմնադրումն է: Ակնհայտ է, որ միջազգային փորձը մեր երկիր բերելն ու միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը ամենակարևոր ռազմավարություններից մեկը պիտի լինի: Ուրախ եմ, որ «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիայի բացմամբ, մենք, ըստ էության, ունենում ենք հենց նման հնարավորություն»,-ասաց Անդրեասյանը:

2025 թվականի մայիսի 29-ին Երևանում մեկնարկեց նախագծի և լայնածավալ շինաշխատանքների իրականացումը։ Արդեն կատարվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում և այսօր գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի «Ավան» և «Կենտրոն» վարչական շրջաններում:

Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։

Ավելի ուշ կկայանա նաև «Յուվենտուս»-ի ակադեմիայի երկրորդ մասնաճյուղի բացումը:

«Կենտրոն» մասնաճյուղի բազմաֆունկցիոնալ Freedom Arena-ն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի ստանդարտներին, որտեղ բացի ֆուտբոլային հանդիպումներից, հնարավոր կլինի անցկացնել սպորտային և այլ միջոցառումներ։ Մարզադաշտը կունենա շուրջ 2000 նստատեղ։ Սպորտային համալիրի տարածքում կգործի նաև Հայաստանում առաջին մասնագիտացված սպորտային-բժշկական կլինիկան և վերականգնողական կենտրոնը՝ Medicina Dello Sport: Բոլոր մարզաբազաները համալրված են նաև գիշերային լուսավորության ժամանակակից համակարգերով:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում