Podcast-Հարց բժշկին. երբ հղիությունն ու քաղցկեղը համընկնում են. ախտորոշում, ռիսկեր և ժամանակակից բժշկության հնարավորությունները

5 րոպեի ընթերցում

Հղիությունը կնոջ կյանքի ամենալուսավոր շրջանն է, սակայն, երբ այն համընկնում է քաղցկեղի ախտորոշման հետ, սկսվում է բարդ ու պատասխանատու պայքար։ Քաղցկեղը հղիության ընթացքում դեռևս շատերի համար հնչում է որպես անհամատեղելի իրականություն։ Սակայն արդի բժշկությունը փոխել է մոտեցումները։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ զրույցում փորձել ենք պարզել՝ արդյոք հղիությունն ու քաղցկեղը համատեղելի են, ի՞նչ ռիսկեր կան պտղի համար, ի՞նչ է փոխվել վերջին տարիներին, ե՞րբ է թույլատրելի քիմիոթերապիան և ինչո՞ւ է տարբեր մասնագետներից կազմված թիմի աշխատանքը վճռորոշ։

Մասնագետը նշեց, որ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, թե հղիության ընթացքում քաղցկեղի ախտորոշումը «մոդեռն» երևույթ է, սակայն պատմական տվյալները վկայում են, որ նման դեպքեր արձանագրվել են դեռևս 1860-ականներից։ Նրա խոսքով՝ այսօր թվերը տեսանելիորեն աճել են, ինչն առաջին հերթին պայմանավորված է ախտորոշիչ մեթոդների զարգացմամբ։ Միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայում յուրաքանչյուր 1500 հղիից մեկը կարող է ունենալ քաղցկեղ։

«Ամենահաճախ հանդիպողը կրծքագեղձի քաղցկեղն է։ Հաջորդում են ձվարանների, արգանդի պարանոցի և արյան համակարգի օնկոլոգիական հիվանդությունները։ Ինչպես  նաև վահանաձև գեղձի քաղցկեղը, քանի որ Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի, ինչի հետևանքով այն մեր երկրում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը»,-ասաց մասնագետը:

Ղուկասյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում մեկ կոնկրետ պատճառ առանձնացնել հնարավոր չէ, սակայն կարևոր գործոններից է կնոջ վերարտադրողական տարիքի բարձրացումը․ այսօր այն միջինը հասել է 34-35 տարեկանի։ Մյուս կարևոր հանգամանքը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումն է, որի ընթացքում կինը հաճախ անցնում է հորմոնալ թերապիաներ, իսկ որոշ ուռուցքներ հորմոնկախյալ են։ Բացի այդ, քաղցկեղը վերջին տարիներին «երիտասարդացել» է։

«Եթե հղիության ընթացքում ախտորոշվում է քաղցկեղ, կնոջն անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ։ Իսկ հղիության շարունակման որոշումը երբեք միանձնյա չէ։ Այն կայացվում է տարբեր մասնագետներից կազմված թիմի՝ օնկոլոգի, մամոլոգի, քիմիոթերապևտի, մանկաբույժի, ռեանիմատոլոգի և հոգեբանի մասնակցությամբ։ Գործընթացը ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական առումով չափազանց բարդ է, ուստի հոգեբանի ներգրավվածությունը պարտադիր է»,- ասաց նա:

Յուրաքանչյուր դեպք քննարկվում է թիմային նիստում և վերջնական որոշումը կայացվում է հղիի և նրա ընտանիքի հետ միասին։ Բժիշկ Ղուկասյանը վստահությամբ նշում է, որ իրենց կենտրոնում բազմաթիվ նման հղիություններ ավարտվել են բարեհաջող։

Նա վստահեցրեց, որ քաղցկեղը պտղին չի փոխանցվում։ Սակայն կիրառվող որոշ դեղամիջոցներ կարող են ունենալ որոշ ազդեցություն, ուստի բուժումն իրականացվում է խիստ վերահսկողությամբ։

«Հղիության ընդհատումը ծայրահեղ միջոց է և կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ առկա է կյանքին սպառնացող բարդություն։ Շատ դեպքերում, եթե ժամանակը թույլ է տալիս, բժիշկները ձգտում են հասնել պտղի կենսունակության փուլին և միայն հետո իրականացնել ծննդալուծում»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղցկեղ հաղթահարած կանանց հղիության ընթացքին՝ մասնագետը նշեց, որ այն իրականացվում է  անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր օրգանի քաղցկեղի առանձնահատկությունները։

Բժիշկ Ղուկասյանը հիշեց մի դեպք, երբ առաջին երեխայից հետո կնոջ մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ։ Բուժումից տարիներ անց նա կրկին հղիացել էր, սակայն 13-րդ շաբաթում կրկին հայտնաբերվել էր ուռուցք։ Կինը հրաժարվել էր հղիության ընդհատումից։ Իրականացվել էր երեք կուրս քիմիոթերապիա, 32 շաբաթականում կատարվել էր կեսարյան հատում, և ծնվել էր առողջ երեխա։ Այսօր մայրը և նրա երկու որդիները առողջ են, իսկ նման պատմությունները, բժշկի խոսքով, իրենց աշխատանքի ամենամեծ խրախուսանքն են։

Մասնագետը հորդորեց կանանց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ամեն տարի անցնել անհրաժեշտ հետազոտությունները, քանի որ ժամանակին հայտնաբերված քաղցկեղը մեծամասամբ բուժելի է։ Նրա համոզմամբ՝ առողջության հանդեպ պատասխանատվությունը յուրաքանչյուր կնոջ առաջնահերթությունն է։

Թեմայի շուրջ մի շարք  այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները: 

Հայերեն

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք