ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները վերացնելու պայմանները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հարցը քննարկվել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Ալմաթիում կայացած հանդիպման ընթացքում։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, ներառյալ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և մյուս պարտադիր պահանջների պահպանումը, ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է»,- հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից։
Լուտը ռուսական կողմի անվերապահ առաջնահերթություն է համարել մատակարարվող արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։
Հանդիպումը կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում։