Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք
2 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող մի շարք տնտեսավարողների մոտ արձանագրել է մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,7 մլն դրամ։
Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն իրականացված ստուգայցերի ընթացքում խախտումներ են արձանագրվել «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ», «ՊՈՍՏԵՌՈՒՄ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017», «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ», «360 ՊԱՆՈՐԱՄԱ», «ՊՐԵՏՈՐ», «ԲԻԴԵՔ», «ԲԻՊԼԱՆ» և «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ների, «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ-ի, ինչպես նաև Արա Լևոնի Տեր-Մինասյանի գործունեության շրջանակում։
Մասնավորապես, հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել, ավազի կույտերը ծածկված չեն եղել անթափանց ծածկոցներով, իսկ որոշ վայրերում բացակայել են ցանկապատերը։
Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
ԲԸՏՄ-ից հայտնել են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։ Տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորել է նման դեպքերին ականատես լինելու դեպքում տեսանյութերն ու համապատասխան տեղեկությունները փոխանցել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել 119 թեժ գծին։