Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է
1 րոպեի ընթերցում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում օգոստոսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ժամը 13։30-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսայգում հրդեհ է բռնկվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողներ։ Նրանք սահմանազատել են տարածքը՝ կանխելով կրակի տարածումը։ Հրշեջ-փրկարարների և պարեկների գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

ՆԳՆ-ից ընդգծել են, որ փրկարարներն ու պարեկներն ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ օպերատիվորեն արձագանքելով քաղաքացիների անվտանգությանը վերաբերող ահազանգերին։
