Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
2 րոպեի ընթերցում

ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ջրային տարածքներում պահպանել անվտանգության կանոնները և լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԳՆ ՓԾ-ն հիշեցնում է, որ գետերի և ջրանցքների վտանգավոր հատվածներով անցնելը, ինչպես նաև ջրվեժներից կամ այլ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձության կամ ծանր վնասվածքների պատճառ դառնալ։
Ջրանցքներում առանձնակի վտանգ են ներկայացնում սահուն բետոնե պատերը, որոնցից բռնվելն ու առանց օգնության ջրից դուրս գալը գրեթե անհնար է։ Գետերի ոչ մեծ խորությունը ևս անվտանգության երաշխիք չէ․ արագ հոսանքի, քարքարոտ հատակի կամ այլ խոչընդոտների պատճառով մարդը կարող է կորցնել հավասարակշռությունը և չկարողանալ դուրս գալ ափ։
«Կոչ եմ անում բոլորին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, չթույլատրելի վայրերում չփորձել լողալ, հետևողական լինել իրենց հետ գտնվող անչափահասների նկատմամբ»,- նշել է ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գուրգեն Մարտիրոսյանը։
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ Սևանա լճի հանրային լողափերում, որտեղ ջրափրկարարներն ու ջրային պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում, ջրահեղձության դեպքեր չեն արձանագրվել։
«Սևան ազգային պարկի հանրային 1, 2, 3 և Շողակաթ համայնքի հանրային լողափերում իրականացվում է շուրջօրյա ծառայություն։ Նաև ջրային հատվածներում ու հանրային վայրերում իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ»,- նշել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ Մարտին Գաբրիելյանը։
ՆԳՆ ՓԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չքայլել գետերի ու ջրանցքների վտանգավոր եզրերով, չփորձել դրանք հատել չնախատեսված հատվածներով, իսկ արտակարգ իրավիճակներում զանգահարել 112։