Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է
1 րոպեի ընթերցում

Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, «Դարիալի» սահմանային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։
Ավելի վաղ Դևդորակի կիրճում տեղադրված տարերային աղետների վաղ նախազգուշացման համակարգից ազդանշան էր ստացվել։ Անվտանգության արձանագրության համաձայն՝ անցակետից տարհանվել էին պարեկային և սահմանային ոստիկանության, մաքսային ծառայության ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները։
Որպես կանխարգելիչ միջոց՝ Գվելեթի գյուղի մոտ ժամանակավորապես արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով, իսկ անցակետում դադարեցվել էին սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերը։ Ստուգումներից հետո սահմանափակումները վերացվել են։