Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում առևտրային նավերի և կողմերի համար կարևոր լոգիստիկ օբյեկտների դեմ հարվածները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան երկու կողմերին առաջարկել է ստեղծել Սև ծովում հարձակումների նկատմամբ մորատորիում սահմանելու մեխանիզմ։
«Ուկրաինական կողմն արդեն նման առաջարկ ուներ։ Մենք այն փոխանցել ենք նաև մեր ռուս գործընկերներին և այժմ սպասում ենք պատասխանի»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ սկզբում հարվածների թիրախում էին ռազմական նավահանգիստներն ու նավերը, սակայն այժմ հարձակումների են ենթարկվում նաև առևտրային նավերը։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ հարվածում են միմյանց համար կարևոր լոգիստիկ օբյեկտներին, ինչը վտանգավոր զարգացում է։