Լույսը՝ փրկության ճամփա. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հարստացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացմամբ

3 րոպեի ընթերցում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում օրերս կայացավ ռուս ականավոր գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» ստեղծագործության համանուն պլաստիկ դրաման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ծիծաղելի մարդու երազը» մարդու ներքին ճգնաժամի, հոգևոր հակասությունների և կյանքի իմաստի որոնման մասին է: Ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես են անհատի ընտրություններն ու գիտակցությունը ձևավորում  կյանքը և բացահայտում ազատության ու երջանկության սահմանները։

Ներկայացման բեմադրիչ Իննա Հախնազարյանի խոսքով՝ բեմում անհատի փնտրտուքներն էին, նրա բախումը հասարակության հետ, անհատի նկատմամբ հասարակության անտարբերությունը։ Ըստ բեմադրիչի՝ ներկայացման հիմքում անձի վերածնման, կյանքի վերարժևորման, ներսի լույսը գտնելու, այն արթնացնելու և տարածելու գաղափարն է։

«Երազը հերոսի համար լույսը գտնելու յուրահատուկ ուղի է դառնում։ Նա մեղք էր գործել, բայց մարդը նրա մեջ դեռ չէր մահացել, ուստի նա ինքնասպանություն չգործեց։ Մերձավորին չօգնելու պատճառով ցավը նրան տանջում էր, բայց երազի ճանապարհով անցելով՝ նա կարևորեց կյանքն ու գնաց լույսի հետևից»,-ասում է Հախնազարյանը։

Ներկայացման մեջ զբաղված են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ավարտական կուրսի ուսանողները, որոնց ժամանակին «Բեմական շարժում» առարկան է դասավանդել Իննա Հախնազարյանը։ Նշում է՝ հնարավորինս փորձել է կրթել, հղկել ուսանողներին, նրանց մարմինները։ Երիտասարդների հետ աշխատելը շատ հետաքրքիր է համարում, քանի որ նրանք պատրաստ են տարբեր փորձարարությունների։  Չնայած պատրաստակամությանը՝ խմբակային տեսարանները բավականին դժվար են տրվել, շատ են աշխատել ու չարչարվել, որ դերասանները մեկ օրգանիզմ դառնան ու կարողանան պատշաճ ներկայանալ։ Կարծում է՝ ամեն բան ստացվել է։

Ներկայացման երաժշտական ձևավորումը ևս ազդեցիկ է. հնչում են կոմպոզիտոր Ռեն Բեգնոյի և մի քանի այլ հեղինակների ստեղծագործություններ, որոնց սթափեցնող մեղեդիներն առավել են ընկղմում իրադարձությունների, գործողությունների զարգացման մեջ։

«Ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր ներկայացման համար երաժշտություն գրվի, որպեսզի օգտագործված երաժշտությունն այլ ասոցիացիաներ չառաջացնի։ Փորձել եմ ձեռագրով իրար մոտ կոմպոզիտորների ընտրել, որպեսզի երաժշտությունը խոսի տեսարանի մասին»,-նշում է բեմադրիչը։

Իննա Հախնազարյանը Երևանի մնջախաղի պետական, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների դերասանուհի է։ Ասում է՝ և՛ մարմնի լեզվով խոսքը, և՛ իրական խոսքն իր ստեղծագործական կյանքում կողք կողքի են քայլում, հետևաբար մեծ սիրով է աշխատում երկու ժանրում էլ։

Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Քնքուշ Մալխասյանի: Բեմադրությունն առաջիկայում հնարավոր կլինի դիտել մարտի 1-ին:

Հայերեն