Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում՝ «Դրուժբա» խողովակաշարի վնասման պատճառով
2 րոպեի ընթերցում

Սլովակիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում՝ Ուկրաինայում «Դրուժբա» խողովակաշարի վնասման պատճառով, որը հանգեցրել է նավթի մատակարարման խափանման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի նորությունների ազգային գործակալությունը (UNN):
Նշվում է, որ ըստ Սլովակիայի ԶԼՄ-ների՝ հունվարի վերջից ի վեր Սլովակիա և Հունգարիա նավթ չի մատակարարվում ռուսական զորքերի ռմբակոծություններից Ուկրաինայում գտնվող «Դրուժբա» խողովակաշարի վնասման պատճառով։
Հաղորդվում է, որ այս ֆոնին երկրի կառավարությունը Slovnaft նավթավերամշակման գործարանին թույլ է տվել ժամանակավորապես օգտագործել պետական ռազմավարական նավթային պաշարները։
Ըստ Aktuality պարբերականի՝ Սլովակիայի կառավարությունը որոշել է բաց թողնել ռազմավարական նավթային պաշարները՝ Slovnaft նավթավերամշակման գործարանի դիմումի հիման վրա։ Կառավարությանը ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նավթը Սլովակիա կհասնի Խորվաթիայում սկիզբ առնող «Ադրիա» խողովակաշարով 20-30 օրվա ընթացքում։
Կառավարության փաստաթղթում նշվել է, որ այս անցումային շրջանում՝ մինչև Սլովակիայի շուկա նավթի անխափան մատակարարումների ապահովումը, Slovnaft-ը խնդրել է բաց թողնել 250 000 տոննայի չափով նավթի արտակարգ պաշարներ, որոնք, ըստ ընկերության, կբավականացնեն նավթավերամշակման գործարանի առնվազն մեկ ամսվա աշխատանքի համար՝ նվազագույն հզորությամբ՝ միաժամանակ պահպանելով Սլովակիայի շուկայի անխափան մատակարարումները։