Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 17–ին ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, իսկ մշակույթը դրանց առանցքային բաղադրիչներից է։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապերի խորացման համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության խորացումն ու համատեղ ցուցադրությունների կազմակերպումը:

Նախարարը շեշտել է նաև Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրության անցկացումը՝ այն գնահատելով որպես հայկական կինոյի միջազգային ճանաչման և մշակութային երկխոսության ամրապնդման կարևոր քայլ։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես հավաքածուների պահպանության և վերականգնման ուղղությամբ։ Անդրադարձ է եղել պահոցային պայմանների բարելավմանը, վերականգնողական լաբորատորիաների միջև փորձի և մասնագիտական կարողությունների փոխանակմանը, վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:  

Լորան լը Բոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ Նա ներկայացրել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև կենտրոնում պահվող հայ անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի արժեքավոր ժառանգությանը։ Լորան լը Բոնը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար հարստացնելու և զարգացնելու հայկական հավաքածուն՝ խորացնելով մասնագիտական համագործակցությունը։ Նա նաև նշել է՝ տպավորված է Հայաստանի մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր կատարած այցելություններից և ոգևորված Հայաստանի, Ազգային պատկերասրահի հետ համագործակցության հեռանկարից։

Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրված  համագործակցության հուշագրով կողմերը նախատեսում են կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, իրականացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային և կրթական ծրագրեր, այդ թվում՝ գիտաժողովներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ և մասնագիտական քննարկումներ։ Նախատեսվում են նաև մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրեր՝ խթանելով հետազոտողների, ցուցահանդեսների համակարգողների և այլ մասնագետների փոխադարձ այցելությունները և փորձի փոխանակումը։

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնը։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին