Մոսկվայում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին
2 րոպեի ընթերցում

Մոսկվայում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այն կազմակերպվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։
Երեկոյի ընթացքում կայացել է հանդիպում լեգենդար կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, որը ներկաներին ներկայացրել է հոր կյանքի ու գործունեության հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև խոսել նրա ստեղծագործական ուղու և երաժշտական ժառանգության նշանակության մասին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն իր ելույթում առանձնակի ընդգծել է մի ողջ ժամանակաշրջան մարմնավորած և ազգային ու համաշխարհային երաժշտարվեստում նշանակալի հետք թողած կոմպոզիտորի ավանդը։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները ոչ միայն հարգանքի տուրք են մեծ արվեստագետի հիշատակին, այլև կարևոր քայլ՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգության պահպանման, արժևորման և լայն հանրահռչակման ուղղությամբ։
Երեկոյի ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից ընտրված գործեր, որոնք ներկայացրել են մենակատարներ Սուրեն Պլատոնովը, Արսեն Ստեփանյանը, Վյաչեսլավ Օլխովսկին և Ֆլորա Նազարյանը՝ արժևորելով մեծ կոմպոզիտորի հարուստ ու բազմաժանր երաժշտական ժառանգությունը։
Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի ստեղծագործական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, արվեստասերներ և համայնքային գործիչներ։