ՀՀ ֆինանսների փոխնախարարն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի («KfW») Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, ջրային տնտեսության և հարակից ոլորտներում ընթացող ծրագրերի առաջընթացը՝ անդրադառնալով դրանց իրականացման ընթացքում առաջացող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործնական մեխանիզմներին։
Առանձին անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրին, ինչպես նաև Գերմանիայի կառավարության կողմից պարտքի փոխարկման մեխանիզմի կիրառման միջոցով Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին կողմերը, ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման կարևորությունը, վերահաստատել են առկա գործընկերությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: