ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստում վերահաստատվել են գործընկերության ռազմավարական ձգտումները

5 րոպեի ընթերցում

ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը վերահաստատել է երկու կողմերի գործընկերության ռազմավարական ձգտումները ու համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Երևանում ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության փետրվարի 3-ի նիստի արդյունքներով տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։

Նիստում ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ԵՄ -ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևոր հիմնասյուն: 

Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերություններում առկա նշանակալի պահը՝ ի հաջորդումն 2025թ. դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ -ՀՀ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի հաջողության և ԵՄ -ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունման, ինչը հավակնոտ քաղաքական ուղենիշ է սահմանում քաղաքական, անվտանգային և այլ ոլորտներում համագործակցության խորացման համար։ Կողմերն ընդգծել են 2026-ի մայիսին Երևանում նախատեսված ԵՄ -ՀՀ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Ռազմավարական օրակարգի անվտանգային և պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում նրանք արձանագրել են ԵՄ ճգնաժամային առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Կողմերն արձանագրել են նաև Հայաստանի դիմակայունության ու անվտանգության հարցում ԵՄ արժեքավոր ներդրումը, ինչպես, օրինակ՝ Եվրոպական միության առաքելության ներկայությունը Հայաստանում և Եվրոպական քաղաքական գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024թ. ի վեր կազմում է 30 միլիոն եվրո:

Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հիբրիդային, կիբեր և տեղեկատվական տիրույթին առնչվող սպառնալիքներին։ Հայաստանը և Եվրոպական միությունը համաձայնել են շարունակել համագործակցությունն այս ոլորտում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ 

Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանման հարցում կողմերի համատեղ հանձնառությունը։ 

ԵՄ իր հաստատակամ աջակցությունն է հայտնել այս երկու գործընթացներին՝ տարածաշրջանում բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարգմամբ։ 

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես միջտարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված կարևոր շրջանակի, որը համապատասխանում է նաև ԵՄ «Գլոբալ դարպասներ» օրակարգին։ Կողմերը քննարկել են «ԹՐԻՓՓ ուղու» գործարկման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած զարգացումները:

ԵՄ ողջունել է Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության շրջանակներում արտահայտված դիրքորոշումներին միանալու աճող ցուցանիշն ու միջազգային անվտանգության հարցերում մշտական ներգրավվածությունը և կխրախուսի այդ մոտարկման ցուցանիշի հետագա աճը:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը՝ որպես գործըներության առանցքային տարրերի։ ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ 

ԵՄ -ՀՀ քաղաքական և անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում:

Նիստը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ/քաղաքական տնօրեն Օլոֆ Սկուգը:

Հայերեն العربية Русский

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում