Իրանն անմասն չէ տարանցիկ հաղորդուղիների վերահսկողության շուրջ ընթացող մրցավազքից. իրանագետ
12 րոպեի ընթերցում

Իրանի երկաթուղային հնարավորությունների վերաբերյալ իրանագետ Նվեր Դավթյանի հոդվածը
Իրանն իր զբաղեցրած աշխարհագրական դիրքով, միջազգային տարանցման ավանդույթներով ու հնարավորություններով անմասն չէ տարածաշրջանում ձևավորվող տարանցիկ հաղորդուղիների վերահսկողության շուրջ ընթացող մրցավազքից։ Ավելին, ներկայիս աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական զարգացումներում այս երկրի համար այն ունի նաև անվտանգային բաղադրիչ՝ պահանջելով համապատասխան քաղաքական և ենթակառուցվածքային լուծումներ։

Նավթային եկամուտներից երկրի տնտեսության կախվածությունը նվազեցնելու ռազմավարության մեջ արդյունաբերության զարգացումն ու միջազգային առևտուրը նույնպես լրացուցիչ անհրաժեշտություն են ստեղծում չկորցնել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունները։ Հատկապես, վերջին երկու տասնամյակների ընթացքում ծովային և ցամաքային ենթակառուցվածքների զարգացման փոխկապակցված լուծումներով փորձ է արվում ոչ միայն զսպել երկրի արտաքին շրջափակման ռիսկերը, այլև՝ ընդլայնել առևտրատնտեսական կարողությունները։
Այս առումով երկաթուղային ենթակառուցվածքների միջազգային ինտեգրացումը կարևոր նշանակություն է ստացել և՛ ցամաքային և՛ ծովային հաղորդուղիների զարգացման ու փոխլրացման համար։
Բացի այդ, ԻԻՀ-ԱՄՆ լարված հարաբերությունների պայմաններում, երբ հնարավոր ռազմական էսկալացիան կարող է կենտրոնանալ Պարսից ծոցում և սպառնալ կանոնավոր նավագնացությանը, երկաթուղային հաղորդակցությունը նոր և ռազմավարական նշանակություն է ձեռք բերում ինչպես Իրանի ու նրա հարևանությամբ գտնվող երկրների, այնպես էլ Չինաստանի համար։

Առանձնացնելով արտաքին աշխարհի հետ հաղորդակցման ԻԻՀ երկաթուղային գործող և կառուցվող անցակետերը՝ դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ ցամաքային և ծովային։ Ցամաքայիններն են Ինչե Բորունը և Սարախսը՝ Թուրքմենիայի հետ սահմանակից, Շամթիղը՝ Աֆղանստանի հետ, Զահեդանը՝ Պակիստանի, Շալամչեն և Խոսրավին՝ Իրաքի, Ռազին և Չեշմե Սորայան՝ Թուրքիայի հետ, Ջուլֆան՝ Նախիջևանի (այսուհետ ՆԻՀ) հետ, Փարսաբադը և Աստարան՝ Ադրբեջանի հետ։ Ծովային նավահանգիստներին կապվող երկաթուղային հանգույցներն են՝ Էնզելին և Ամիրաբադը Կասպից ծովում, Բանդար-է Մահշահրը, Էմամ Խոմեինին, Բանդար Աբբասը, Բուշեհրը, Ասալուեն Պարսից ծոցում, իսկ Չաբահարը՝ Օմանի ծոցում։
Այսպիսով, ընդհանուր 19 անցակետերից 10-ը գործող են, իսկ Սարախսի անցակետը «Արևելք-Արևմուտք» միջանցքի հարավային ճյուղի զարգացման ծրագրերում ձեռք է բերել առավել առանցքային նշանակություն։
ԹՀ ԱԳՆ Հաքան Ֆիդանի Թեհրան կատարած ընթացքում նա մի շարք հանդիպումներ ունեցավ ԻԻՀ ԱԳՆ Ա․Արաղչիի, ԻԻՀ Մեջլիսի ղեկավար Մ․Ղալիբաֆի և ԻԻՀ ԱԽ գլխավոր քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Իրանական բարձրաստիճան և վերլուծական շրջանակներում այն գնահատվեց «կարևոր»։
ԻԻՀ ԱԳՆ Ա․Արաղչիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես երկկողմ տնտեսական, էներգետիկ և անվտանգային, այնպես էլ տարածաշրջանային, մասնավորապես, Սիրիայի, Լիբանանի, Ղազայի և Հարավային Կովկասի վերաբերյալ հարցեր։ ԻԻՀ ԱԳՆ Ա․Արաղչին, ի թիվս վերոնշյալ թեմաների, տարածաշրջանում Անկարայի հետ երկկողմ համագործակցության ծրագրերի համատեքստում հայտարարեց, որ «կողմերը հաստատակամ են Չեշմե Սորայա – Արալիք (ԹՀ) հատվածում երկու երկրների երկաթուղիները միմյանց միացնելու նախագծի շուրջ և հուսով է, որ դրա շինարարական աշխատանքները կսկսվեն շուտով»։
Ավելի վաղ՝ 2025թ․ նոյեմբերի 20-ին, ԻԻՀ «Ֆարս» լրատվականը «Իրանը, Չինաստանը և Թուրքիան տարանցիկ համագործակցության ուղու վրա» վերնագրի ներքո նույնպես տեղեկություն էր տարածել, որ ԹՀ-ն պատրաստակամություն է հայտնել միանալ «Սերախս-Չեշմե Սորայա» չին-իրանական նախագծին, որը ենթադրում է Սարախսից էլեկտրագնացքներով բեռների փոխադրում Չեշմե Սորայա (ԻԻՀ-ԹՀ-ՆԻՀ-ՀՀ հատված), ապա Թուրքիայով դեպի Եվրոպա:
Ըստ ԻԻՀ Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ֆ․Սադեղի՝ այն Իրանին կարող է դարձնել ՉԺՀ-ն Եվրոպային կապող կարևոր օղակ «Արևելք-Արևմուտք» մեգանախագծի շրջանակներում։ Ըստ նախարարի՝ ՉԺՀ-ի արտահանման մեծ ծավալները անհրաժեշտություն են առաջացրել, որպեսզի Պեկինը, ի դեմս Իրանի, ունենա վստահելի և ռազմավարական գործընկեր։ Նա նաև հավելել էր, որ չինական կողմի հետ ընթանում են բանակցություններ «Սերախս - Չեշմե Սորայա» երկաթգծի էլեկտրականացման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ չինական ընկերություններն արդեն իսկ ներգրավված են մեկ այլ՝ Սարախս-Ռազի երկաթգծի էլեկտրականացման և այն երկգիծ դարձնելու աշխատանքներում։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, շուրջ 2000 կմ ընդհանուր երկարության այդ երկաթուղային գծի 1000 կիլոմետրը պետք է դարձվի էլեկտրագնացքային։ Ուշագրավ է նաև, որ 2024թ․ վիճակագրությամբ, միայն առաջին 10 ամիսների ընթացքում Թուրքմենիայի և Իրանի միջև Սարախսի անցակետով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 62% ով, և կազմել 1,519,000տ։
Գնահատելով դեպի Ջուլֆա ԻԻՀ տարբեր երկաթգծային ուղիների թողունակությունը՝ առկա է հետևյալ պատկերը․ Էմամ Խոմեինի-Ջուլֆա՝ երկարությունը 1801կմ, թողունակությունը՝ տարեկան 2,300,000տ․, Բանդար Աբբաս-Ջուլֆա՝ երկարությունը 2259կմ, թողունակությունը՝ տարեկան 2 մլն տ․, Սարախս-Ջուլֆա՝ երկարությունը 1936կմ, թողունակությունը՝ դարձյալ 2մլն տ․ տարեկան։ Տարբեր փորձագիտական գնահատականներով, Իրանը մտադիր է առաջիկայում երկաթուղային բեռնափոխադրումների թողունակության ծավալներն հասցնել տարեկան մինչև 25-30մլն տ․, ինչը, հաշվի առնելով երկրի ենթակառուցվածքային հնարավորությունները, կարել է համարել իրատեսական։
Պետք է նշել, որ Զահեդան-Չաբահար երկաթգծի կառուցումից հետո, որի հիմնական աշխատանքների 80%-ից ավելին կատարված է և տարբեր հավաստիացումներով մինչև 2026թ կեսերն այն շահագործման կհանձնվի, Չաբահարը նույնպես Քոնարաք, Նիքշահր, Իրանշահր, Խաշ-Զահեդան-Քերման-Սպահան-Թեհրան գծով կարող է միանալ Ջուլֆային և ունի շուրջ 2մլն տոննա տարեկան թողունակության հնարավորություն։
2025 թվականի մայիսին տեղի է ունեցել նաև Թեհրանից 23կմ հարավ-արևմուտք գտնվող «Ապրին» ցամաքային նավահանգստի հանդիսավոր բացումը, որտեղ երկաթգծային ճանապարհով բեռներ են ընդունվում ինչպես Սարախսից և Ինչե Բորունից, այնպես էլ Բանդար Աբբասից։ Տարանցման «հաբ» հանդիսացող «Ապրինից» երկաթգծային և ավտոմոբիլային փոխադրամիջոցներով բեռները բաշխվում են տարածաշրջանի տարբեր երկրներ։ Միայն «Ապրինի» թողունակությունը գնահատվում է տարեկան 400․000 TEU։ Նոյեմբերի 8-ին Մոսկվայից 12 օրվա ընթացքում երկաթուղային բեռները Ղազախստանի, Թուրքմենիայի ապա Իրանի հետ սահմանային Ինչե Բորունի անցակետով հասել են Թեհրանի «Ապրինի» ցամաքային նավահանգիստ։
Նշված տեղեկությունները փաստում են, որ Իրանը Չինաստանի հետ միասին գործնական քայլեր է իրականացնում՝ պահպանելու «Արևելք-Արևմուտք» ցամաքային միջանցքի վրա իր տարանցիկ դերակատարությունը։ Եվ ոչ միայն Իրանը։
2025 թվականի նոյեմբերի 18-ին Մաշհադում ԹՀ գլխավոր հյուպատոս Մորադ Էրքյուլը ԻԻՀ Խորասան-է Ռազավի նահանգի նահանգապետի հետ հանդիպումից հետո, հաստատելով «Սարախս-Չեշմե Սորայա» նախագծի մասին տեղեկությունը, հույս էր հայտնել, որ Խորասանի նահանգապետի այցը ԹՀ դրական ազդեցություն կունենա այդ հարցում։ Նա նաև ավելացրել էր, որ Թուրքիան իր կարողությունների չափ կաջակցի այդ նախագծի իրականացմանը։
Այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ, թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները և որքան կտևի այն։ Շինաշխատանքների մեկնարկից հետո բացառված չէ, որ այն կարող է տևել 3-4 տարի։ Պետք է նշել, որ սա մոտավոր այն նույն ժամանակահատվածն է, որը նախատեսված է նաև Կարս-Իգդիր-Արալիք երկաթուղու կառուցման համար։
Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ ԹՀ-ԻԻՀ ամբողջ երկաթուղային ցանցը միմյանց միացնելու համար անհրաժեշտ է կառուցել և վերակառուցել միջազգային տարանցման համար ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան շուրջ 200կմ երկարությամբ արագընթաց երկաթգիծ։ Այն նախատեսում է իրանական կողմում կառուցել Մարանդ-Չեշմե Սորայա հատվածը, որը կմիանա Թավրիզին, իսկ Թավրիզից Սարախս առկա է գործող երկաթուղի։
Թեպետ առկա են նաև այլ հնարավորություններ, որոնցից մեկի համաձայն երկաթգիծը կարող է չհասնել Չեշմե Սորայա, այլ՝ ԻԻՀ Ջուլֆայից մտնել ՆԻՀ, իսկ ՆԻՀ-ից Երասխով դուրս գալ Գյումրի և այնտեղից Կարս, սակայն կողմերը շուրջ երկու տարվա քննարկումներից հետո համաձայնության են եկել ունենալ իրենց ուղիղ և անմիջական նոր հաղորդուղին՝ փաստացի շրջանցելով Հարավային Կովկասը։
Ենթադրվում է, որ կողմերը փորձում են խուսափել այն հնարավոր կախվածությունից, որը կարող է առաջացնել Ռուսաստանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։
Ուշագրավ է նաև մեկ այլ նախագիծ, որը նույնպես կարող է ամրապնդել Իրանի տարանցիկ դերակատարությունը «Արևելք-Արևմուտք» երկաթուղային հաղորդուղիների վրա։
Այստեղ խոսքը վերաբերում է Աֆղանստանի Հերաթ - Մազարի Շարիֆ - Վախանի միջանցք երթուղուն, որը կարող է դեպի Չինաստան ամենակարճ ցամաքային ճանապարհը դառնալ։ Իրանական կողմը ողջունել է չին-աֆղանական այս նախաձեռնությունը, որը տարբեր գնահատականներով հնարավորություն է տալու Պեկինին Շամթիղի անցակետով (Իրան-Աֆղանստան) ԻԻՀ էներգետիկ պաշարների անվտանգ փոխադրման համար։ Այն կարևոր այլընտրանք է նաև Չինաստանի համար դեպի Եվրոպա դուրս գալու տեսանկյունից՝ խուսափելով Կենտրոնական Ասիայի կամ ծովային հաղորդուղիների շուրջ հնարավոր անվտանգային ռիսկերից։
Ինչ վերաբերում է ԻԻՀ-ի և ԹՀ-ի միջև գործող երկաթուղային հաղորդակցության նպատակահարմարությանը, ապա Ռազիի անցակետից այն հասնում է մինչև Վան, որն էլ կապված չէ Թուրքիայի ընդհանուր երկաթուղային ցանցին և տեխնիկական խնդիրներ է ստեղծում միջազգային տարանցիկ մեծածավալ բեռնափոխադրումների համար։
Ուշագրավ է, որ մինչ այժմ, հատկապես մինչև 2025թ․ օգոստոսի 8-ը, կողմերը նման բարձր մակարդակով չեն բարձրաձայնել «Սարախս-Չեշմե Սորայա» նախագծին իրենց համաձայնության վերաբերյալ։