Քաղաքականություն

Հակված ենք նույն ֆորմատով մասնակցել առաջիկա ընտրություններին, բայց վերջնական որոշում դեռ չունենք. Ռոբերտ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Հակված ենք նույն ֆորմատով մասնակցել առաջիկա ընտրություններին, բայց վերջնական որոշում դեռ չունենք. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ դեռ քննարկումների մեջ են, թե ինչ ֆորմատով են մասնակցելու Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանն այդ մասին ասել է հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Քոչարյանը հավելել է, որ հակված են ընտրություններին մասնակցել նույն ֆորմատով, որով մասնակցել էին 2021 թվականի ընտրություններին, սակայն վերջնական որոշում դեռ չունեն։

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ այդ հարցով վերջնական որոշման կհանգեն փետրվարին։

Հարցին, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն, Քոչարյանը պատասխանել է, որ փետրվարի սկզբին սոցհարցումներ են անցկացնելու և դրա արդյունքներով են որոշելու, թե ով կլինի թեկնածուն։

«Եթե հարցումները ցույց տան, որ ես եմ առաջատարը, ուրեմն ես կլինեմ թեկնածուն։ Եթե պարզվի, որ մեր դաշինքում կա մեկը, ով կարող է ավելի շատ ձայներ բերել, նա կլինի թեկնածուն։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե թեկնածուն ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեմ»,- ասել է ՀՀ երկրորդը նախագահը՝ հավելելով, որ լրատվամիջոցներում հրապարակված վերջին սոցհարցումների արդյունքներով այս պահին ինքն է վարչապետի ամենահավանական թեկնածուն։

Քոչարյանը նաև կարծիք է հայտնել, որ այս անգամ ավելի լավ շանսեր կան, որպեսզի ընդդիմադիր դաշտի լայն դաշինք լինի։  

«Մենք հիմա գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան եղել է 2021 թվականին։ Եթե համեմատենք այն ժամանակվա վարկանիշային տվյալները, հիմա ավելի լավ վիճակում ենք, քան այն ժամանակ էր»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում