Հայաստան

Մենք հրավիրում ենք բոլոր 196 երկրներին. նախարարը՝ COP17-ին Ադրբեջանի և այլ երկրների մասնակցության մասին

3 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

Հայաստանում այս տարի անցկացվելիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլ նաև ՄԱԿ-ը, հրավիրվելու են անդամ բոլոր 196 երկրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

2026-ին COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիրը Հայաստանն է: Նախարարի խոսքով՝ COP17-ի նախագահությունն ու գործընթացների համակարգումը շարունակվելու է մինչև 2028թ ներառյալ: «Սա մեզ հնարավորություն է տալիս համարվել կոնվենցիայի գլոբալ քաղաքական զարգացման առանցքային կենտրոնը»,-նշեց Մաթևոսյանը:

COP 17-ի հյուրընկալման և նախագահության համատեքստում նախորդ տարվա ընթացքում Հայաստանում և այլ երկրներում կազմակերպվել և իրականացվել է  20-ից ավելի հարակից միջոցառում, կազմակերպվել են պանելային քննարկումներ:

COP-ին ընդառաջ 2025-ի ընթացքում կնքվել են երկկողմ համագործակցության հուշագրեր՝ մի շարք երկրների հետ:

«Նախագահության կարողությունների ամրապնդման ուղղությամբ ստացվել է աջակցություն Գերմանիայի Դաշնությունից, Շվեդիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Տոգոյից, Շվեյցարիայից, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններից»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը՝ Մաթևոսյանը հիշեցրեց, որ COP17-ի անդամ երկրները 196-ն են:

«Հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է: Հայաստանը հյուրընկալում և նախահագում է միջոցառումը: Դա համաշխարհային միջոցառում է, հրավիրող կողմը ՀՀ-ն է՝ որպես նախագահող, և ՄԱԿ-ը: Պաշտոնական հրավեր չի ուղարկվել: Առաջիկայում նաև դրանք կուղարկվի: Բայց Շրջակա միջավայրի բոլոր նախարարությունները կամ համապատասխան լիազորություն իրականացնող նախարարություններն իրազեկված են»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ Հայաստանը հրավեր չի ուղարկի, հրավերն ուղարկվում է ՄԱԿ-ի հետ համատեղ:

«Սա և մեր միջոցառումն է, և գլոբալ միջոցառում է, մենք հրավիրում ենք բոլորին՝ բոլոր 196 երկրներին: Միջոցառման խորագրերից մեկը հենց այն է, որ մենք միասին աշխատենք բնապահպանական խնդիրների շուրջ: Այդ աշխատանքների մեջ չի կարելի որևիցե երկրի դուրս թողնել՝ առավել ևս, որ մենք պատրաստակամ ենք հյուրընկալել բոլոր պատվիրակություններին ու բոլոր երկրներին»,-ընդգծեց Մաթևոսյանը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում