Հայաստան

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել

2 րոպեի ընթերցում

Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հունվարի 27-ը Հիշատակի և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագծի համահեղինակ Գեղամ Նազարյանն ահազանգեր է ստացել, որ որոշ ընկերությունների ղեկավարներ աշխատակիցներին տեղեկացրել են, որ հունվարի 27-ն ու հունվարի 28-ը նրանց համար աշխատանքային են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հարցը բարձրաձայնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

 «Խորհրդարանում քվեարկությունից կես ժամ-մեկ ժամ հետո ահազանգեր ստացա, որ կազմակերպությունների ղեկավարները ներքին չատով տեղեկացրել են աշխատողներին, որ հունվարի 27-ն ու 28-ն աշխատանքային օրեր են նրանց համար՝ անկախ ընդունված որոշումից»,-ասաց Նազարյանը՝ հարցնելով, թե ինչ պետք է անեն այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ լիազոր մարմինը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կգործի:

Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ կհասցնե՞ն պատշաճ ձևով, պետական մակարդակով նշել Հիշատակի օրը:

«Շատ կարևոր որոշում է ընդունել ԱԺ-ն: Այո, կարծում եմ՝ հնարավորություն ունենք այս կարճ ժամանակաընթացքում պատշաճ կազմակերպել ու հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զոհերի առաջ»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց՝ նախկինում Եռաբլուրում կազմակերպվել են ակցիաներ, նաև պաշտպանության նախարարի խոնարհած ծաղկեպսակը ջարդել, տրորել են: «Հարգելի հայրենակիցներ, սա արվում է ի հարգանս մեր զոհերի: Պղծելով ծաղկեպսակը՝ չեմ կարծում, թե ճիշտ ծառայություն եք մատուցում նրան, ում ծառայում եք: Եթե յուրաքանչյուրը պատշաճ մնա իր դերում, ապա երկրի ղեկավարությունը, կառավարությունն իր պարտքը կկատարի և պատշաճ կկազմակերպի ու կայցելի համապատասխան վայրեր»,-նշեց նախարարը:

Հայաստանի ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր» և ոչ աշխատանքային օր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում